«Սա դաս կարող է լինել ապագա քաղաքական գործիչների համար». Թևան Պողոսյան

Հայաստանի վարկանիշի վրա մայիսի 20-ին տեղի ունեցած դեպքերի ազդեցությունն առավելապես կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերը արգելափակելու խնդրին և ԵԽԽՎ-ի համազեկուցողների ու ԱՄՆ դեսպանատան արձագանքներին:

Ըստ նրա՝ եթե հետագա քայլերը լինեն օրինական, թափանցիկ, հաշվետու, մշակվի հայեցակարգ, ռազմավարություն, ընդգրկուն մեխանիզմներով բարեփոխումներն առաջ տարվեն, լինեն ֆորմատներ, որտեղ բոլորն իրենց մտքերն ասեն ու քննարկեն, դա լինի կոնստրուկտիվ դաշտում, ապա օրինակելի կլինի. «Եթե այս ամենը չապահովենք, կլինեն այլ գնահատականներ»:

Թ.Պողոսյանը նշեց, որ ԵԽԽՎ և ԱՄՆ դեսպանատան արձագանքը, ըստ էության, եղել է արդեն հնչած առաջարկություններին. «Հասարակությունում մի թյուրիմացություն կա, թե որ արձագանքն է ավելի ուժեղ, բայց քաղաքական դաշտը և պետական ինստիտուտները կոչով էին հանդես գալիս մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 12-ը: Այս կառույցներն արձագանքել են առաջարկված փոփոխություններից հետո:

Հասկանալի է, որ նրանք ողջունում են բարեփոխումները, հասկանում են, որ ՀՀ դատական համակարգն ունի խնդիրներ, որոնք պետք է միասնական հաղթահարենք, ողջունում են դատական համակարգի բարեփոխումների ցանկությունը և կոչ են անում ամեն ինչ անել օրենքի շրջանակներում, համաձայն մեր ստանձնած պարտավորությունների: Մեկ ամիս անց այլ կառույցի կոչը գուցե այլ լինի»:

Կարդացեք նաև

Թ.Պողոսյանը նշեց, որ հանրությունը պատրաստ է այս դաշտի բարեփոխումների հայեցակարգը լսելու և շատերը կմասնակցեն քննարկումներին, ոչ միայն մասնագետները.

«Արդարադատական ոլորտի հայեցակարգի բարեփոխումների քննարկումներին, ռազմավարության, քաղաքականության մշակմանը, գործողությունների պլանի ձևավորմանը շատերը կցանկանան մասնակցել, և բոլորի համար ընկալելի կլինի, թե ինչ ճանապարհով ենք ընթանալու, ինչն է աշխատում, ինչը՝ ոչ»:

Դատարանների մուտքերը փակելու կոչը, ըստ նրա, որևէ մեկը Հայաստանում չկա, որ դրական գնահատի՝ այն իմաստով, որ դա հնչում է իշխանության կողմից, որն ունի սեփական լծակները: «Դատական իշխանությունն ինքնին առանձին իշխանություն է, և մեր երկրում երեք իշխանություններն էլ՝ օրենսդիր, գործադիր և դատական, ձևավորվում են ՀՀ Սահմանադրության համաձայն, միմյանցից անկախ են և ունեն համապատասխան փոխվերահսկողության մեխանիզմներ: Դրանում է ժողովրդավարությունը: Եվ դրական իմաստով ընկալում չէր կարող լինել»:

Թ.Պողոսյանը նկատեց, որ վարչապետի կոչից հետո սոցցանցերում շատ տարբեր տրամադրություններ կային, շատերը զգուշացնում էին ետ կանգնել այդ մտադրությունից,. «Ուրախ եմ, որ այդ օրը կարճ տևեց, և այնպես չեղավ, որ փորձեին համարել, որ երկիրը կանգնում է: Սա դաս կարող է լինել ապագա քաղաքական գործիչների համար, որ գնահատեն իրենց խոսքը՝ արդյունքների իմաստով»:

Անդրադառնալով առաջարկված դատական համակարգի բարեփոխումների փաթեթին՝ Թ.Պողոսյանը նշեց, որ լավ կլիներ, որ այդ տեսակի փոփոխությունները ցանկացած քաղաքական միավոր ձևավորի իր նախընտրական ծրագրում և, ստանալով հանրության քվեն, սկսի դրանք իրագործելը.

«Բայց այսօր, քանի որ մենք ինչ-որ չափով նաև տրանսֆորմացիայի մեջ ենք, փոփոխություններ են տեղի ունենում մեր համակարգերում, այդ երեք գործողությունները պետք է ինչ-որ չափով նպաստեն մեր անկախ դատական համակարգի անկախ և արդար ձևավորմանը: Դա գալու է միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընդունված մեխանիզմներ սկսեն աշխատել: Դա նշանակում է՝ քննարկումներ ձևավորել: Մինչ այդ հայտարարվել էր, որ ԱԺ-ում մայիսի 24-ին լսումներ են լինելու, այսինքն՝ իշխանության մոտ կար ընկալումը, որ այս դաշտում պետք է տեղի ունենան փոփոխություններ և արդեն ինչ-որ քայլեր էին ձեռնարկվում: Ամենակարևոր խնդիրն այժմ հասկանալն է, որ փոփոխությունների մեջ չի խնդիրը, այլ որ դրանք լինեն քննարկված, բոլորի կողմից գիտակցված և մեր օրեքներին համապատասխան:

Եթե որոշվում է, որ մի բան է արվելու, բայց այն չի համապատասխանում Սահմանադրությանը կամ օրենքներին, պետք է քննարկել, թե ինչ փոփոխություններ արվեն օրենսդրական դաշտում կամ Սահմանադրությունում, անհրաժեշտության դեպքում անցկացվի հանրաքվե, բայց ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում, որ ընկալելի լինի և՛ մեր մոտ ներսում, և՛ միջազգային հանրության կողմից, որ գիտակցեն ինչ տեսակի երկիր ենք: ՀՀ-ն ԵԽ անդամ է, տարբեր միջազգային կառույցներում ունենք ստանձնած պարտավորություններ և այդ ոգով ու շնչով պետք է առաջնորդվենք: Ուրախ եմ, որ մտնում ենք օրենսդրական դաշտ, կլինեն քննարկումներ:  Չպետք է պրիմիտիվ ձևով կրկնել ուրիշ երկրների փորձը: Սովորենք բարեփոխումներ կյանքի կոչել՝ մեր մշակութային հիմքի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս