«Այստեղ միայն տուշոնկեքով, զգուշոնկեքով դժվար է լինելու որևէ բան անել». Քաղտեխնոլոգը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակն արդեն հասունացել է:

«Սա շատ նուրբ թեմա է: Մի բան է հայտարարելը, մեկ բան՝ կոնկրետ գործընթացը: Օրինակ, եթե հիմա հանձնաժողով են ստեղծում, ապրիլյան պատերազմի հետ կապված քննությունն ի՞նչ շրջանակներ է ընդգրկելու, զուտ միայն հայաստանյան պաշտոնյաների՞ն, թե՞ ավելի լայն շրջանակ է ընդգրկելու, և այդ դեպքում դա ինչպե՞ս կընկալվի: Նուրբ, զգայուն թեմա է: Կարծում եմ՝ գործընթացը շատ ավելի զգույշ կլինի:  Անվտանգության հետ կապված խնդիրներ, մեկ երկրի երկու հատվածների միջև հարաբերությունների նրբությունները կան: Այն նաև առաջին հերթին՝ զգայուն թեմա  է Արցախում:

Այն, որ նման հանձնաժողով պետք է լինի, քննություն ընթանա, փորձեն ամեն ինչը ջրի երես հանել, որպեսզի նման իրավիճակներն այլևս չկրկնվեն, դեմ չեմ, բայց շատ զգույշ է պետք անցնել առաջ: Այստեղ միայն տուշոնկեքով, զգուշոնկեքով ու նույն ոճով դժվար է լինելու որևէ բան անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս