Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են նշելու «Թանգարանների գիշեր» սպասված տոնը
Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի հարյուրից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության առաջ: Նախատեսված են բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք ավելի կմեծացնեն հետաքրքրությունը թանգարանների հանդեպ:
«Թանգարանների գիշերը» Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կանցկացվի «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագրով բացօթյա համերգային ծրագիրը, որին մասնակցելու են
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը, Ազգային նվագարանների համույթը և Ջազ նվագախումբը: Նվագախմբերն ու երգչախումբը հարուստ երկացանկով կզարդարեն թանգարանային գիշերի մասնակիցների մի քանի ժամը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախատեսվում է «Սուրբ Էջմիածինը՝ Կոմիտաս Վարդապետի հոգևոր ծննդավայր» խորագրով զրույց-հանդիպում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:
Աիդա Գալստյանը վարելու է կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:
Անցկացվելու է «Տեսանելի հնչյուն» ծրագիրը, որում համադրվելու են երաժշտությունն ու նկարչությունը: Կոմիտասի գործերը կատարելու են սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը, նկարիչ
Ռուբեն Սուվարին: Համերգի ընթացքում նկարիչ Ռուբեն Սուվարին ստեղծելու է հնչյունապատկեր: Համերգի ավարտին տեղի կունենա այդ ստեղծագործության ցուցադրությունը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:
Թանգարանում բացվելու է երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացվելու են Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ: Փոքրիկ այցելուները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացումը՝ դառնալով ներկայացման ակտիվ մասնակիցները: Կանցկացվի նաև «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբը:
Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնելու է «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:
Դասախոսությունը կվարի արվեստաբան՝ Հասմիկ Բադալյանը: Իրականացվելու է նաև «Իմ Կոմիտասը» կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:
«Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում տեղի կունենա տոնական համերգ, որին մասնակցելու է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գլխավոր դիրիժոր և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, տնօրեն՝ Վիլիամ Վայներ:
Արվեստասերները կարող են մասնակցել «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցմանը, որը կապված է մեծ արվեստագետի մահվան 500-ամյակի հետ: Նյութը ներկայացնելու են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ասմունքողներն ընթերցելու են Կապուտիկյանի ստեղծագործությունները, հնչելու են հեղինակի գործերի հիման վրա գրված երգեր:
Տուն-թանգարանում բացվելու է Կապուտիկյանի տիկնիկների հարուստ հավաքածուի ցուցադրությունը: Նա հաճախ էր ճանապարհորդում և որպես հուշանվեր տարբեր երկրներից իր հետ տիկնիկներ էր բերում, որոնք խորհրդանշում էին այս կամ այն երկիրը:
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ:
Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։