«Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն օրենքով ապահովող աշխատակիցները ԱԱԾ բարձրաստիճան սպաներ են, և երկրորդ նախագահը որևէ շփում կամ հանդիպում չի կարող ունենալ՝ առանց նրանց գիտության». Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ  շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց  դատական նիստը։

Դատական նիստերի շենքը ցանկապատված է, և անգամ ընդմիջումների ժամանակ ոստիկանները լրագրողներին, իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորեցին շենքից դուրս չգալ, քանի որ շենքի բակը բավականին բազմամարդ է։ Դրսում են գտնվում թե երկրորդ նախագահի կողմնակիցները, և թե ընդդիմախոսները։

Ընդմիջումից հետո իր դիրքորոշումը հայտնեց պաշտպանական կողմը՝ ի դեմս Ռուբեն Սահակյանի։

Վերջինս մեկ առ մեկ ներկայացրեց իր պաշտպանյալի քայլերի տրամաբանությունը, բազմաթիվ վկայություններ բերեց այն մասով, թե ինչու վերջինս չպիտի գտնվի կալանքի տակ, ներկայացվեց նաև Արցախի նախագահների երաշխավորագիրը, հայտնեց իրենց դիրքորոշումն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է անհիմն, ուստի ղեկավարվելով Քրդատ օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ պահանջեց Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճից՝ հավելելով, որ իրենց ներկայացրած հիմնավորումները շատ հանգիստ կարելի է տեղադրել նաև երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մեջ, քանի որ դրանք լրիվ նույնական են։

Հաջորդիվ Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել այդ ժամանակվա Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին, Կիմ Բալայանին և Հրանտ Նազարյանին։

Այս անձինք եղել են այն ժամանակ գործը քննող, ընդ որում՝ Հրանտ Նազարյանը՝ զեկուցող։

Դատախազներն առարկեցին այդ միջնորդության դեմ։

Իր դիրքորոշումը հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով դատախազների դիրքորոշմանը։

Հայկ Ալումյանը ներկայացրեց նաև Ռոբերտ Քոչարյան նախագահի վաստակը, աշխատանքը՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա պարգևները։

Նա նաև նշեց, որ նախկին նախագահը գտնվում է հատուկ ծառայությունների հսկողության ներքո, և վերջիններս տեղյակ են նրա բոլոր շարժերից ու շփումներից, այսինքն՝ չի կարող լինել որևէ շփում, որը համաձայնեցված չէ անվտանգության աշխատակիցների հետ, որոնք բոլորն ԱԱԾ սպաներ են, և վարույթն իրականացնող մարմինն անմիջապես կարող է տեղեկանալ այն ենթադրյալ ազդեցության մասին, որը Ռոբերտ Քոչարյանը կարող է ունենալ քննության վրա։

Պաշտպանը ներկայացրեց նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերին նախորդած բոլոր իրադարձությունները, մայրաքաղաք Երևանում տիրող իրավիճակը, որոնք էլ հենց առիթն ու պատճառն են հանդիսացել նախագահ Քոչարյանի կայացրած որոշումների, և բուն մարտի 1-ին տեղի ունեցածը։

Աշխատանքային օրվա հետ կապված՝ դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս