«Հայաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ այս հանդիպումներին այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում»․ փորձագետ

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռ շարունակվում է այն գործընթացը, որը սկսվել է հայաստանյան հեղափոխությունից հետո, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը հասկացել են, թե ինչ կարող են ակնկալել միմյանցից, շարունակում են շարժվել վերջին ամիսների դինամիկայով, քանի որ դրան այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Բրյուսելում նախօրեին ղեկավարների և նախարարների մակարդակով կարճ շփումներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-  ասել էր Փաշինյանը:

Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ասել էր, որ առայժմ հստակ պլաններ չկան:

«Վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանը՝ առանց Ղարաբաղի»,- ընդգծել էր է ՀՀ վարչապետը և հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է՝ Ղարաբաղի հետ չերկխոսելը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հանդիպում է կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում՝ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի միջև։

«Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն, բայց կայացավ կարճ հանդիպում գագաթաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին»,- ասել էր Աննա Նաղդալյանը:

Նշենք նաև, որ վերջին շաբաթների ընթացքում խախտվել է վերջին ամիսների հարաբերական հանգստությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով որոշ միջադեպեր են գրանցվել։

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինտենսիվ հանդիպումները ներկայումս ծառայում են շփման գծում իրավիճակը հանդարտ պահելու նպատակին՝ հասկանալով, որ առանց քայլերի, որոնք պետք է լինեն միմյանց ընդառաջ, չնայած այդ հանդիպումներին՝ իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Ըստ նրա, կողմերից մեկը պահանջում է անցում դեպի լուրջ բանակցություններ, իսկ մյուսը պնդում է, որ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց Արցախի մասնակցության։

«Բայց դեռ շարունակվում է այն գործընթացը, որը սկսվել է հայաստանյան հեղափոխությունից հետո, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը հասկացել են, թե ինչ կարող են ակնկալել միմյանցից, դեռ շարունակում են շարժվել վերջին ամիսների դինամիկայով, քանի որ դրան այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում և պատերազմի սպառնալիքը հակամարտության գոտում։ Կողմերը ներկայումս նաև չեն կարողանում միանգամից հրաժարվել այն հռետորաբանությունից, որը կիրառել էին նախորդ ամիսներին, խոսել մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության, հումանիտար ծրագրեր իրականացնելու պատրաստակամության մասին։ Բայց ես կանխատեսում էի իրավիճակի փոփոխություն շփման գծում տվյալ իրավիճակում, քանի որ լուրջ հարցերի քննարկումից կողմերը բավականին հեռու են, կողմերը դեռ չեն հասկացել, որ իրենց հարկավոր են զիջումներ։

Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության։ Նորությունը հանդիպումների և շփումների ինտենսիվությունն է, ցանկությունը՝ իրականացնել որոշ պրոյեկտներ, որոնք, կրկին նշեմ, չեն երաշխավորում երկարատև գործընթաց։ Մի օր այդ պրոյեկտների շուրջ խոսակցությունն էլ կարող է դադարել անզիջում դիրքորոշման և տարբեր ակնկալիքների պատճառով։ Այնուամենայնիվ, քանի դեռ հանդիպում են, կազմակերպվում են նման շփումներ, նշանակում է՝ որոշակի գործընթաց կա, այդ գործընթացից ակնկալիքներ կան, որը կոնկրետ այս պահին չեզոքացնում է պատերազմի սպառնալիքը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում կայանալիք հնարավոր նախարարական պաշտոնական հանդիպումից ակնկալիքներին՝ Սկակովն ասաց, որ կողմերն առավելագույնը քննարկելու են ընթացիկ պրոյեկտները, շփման գիծը, ու ոչ ավելին։

«Հայկական և ադրբեջանական կողմերը ներկայումս հստակ գծել են իրենց դիրքորոշումների սահմանը, որի շրջանակում այլ լուրջ քննարկում բացառել են։ Ուստի այս դեպքում Նահանգները կամ որևէ այլ երկիր լինելու է պարզապես հարթակ նման հանդիպման կազմակերպման համար։ Չեմ կարծում՝ էական արդյունքներ ակնկալելու առիթ ունենք»,- ցավով նշեց ռուս վերլուծաբան Սկակովը։

Վերջինիս համոզմամբ՝ կարգավորման բանակցություններում կողմերի դիրքորոշումների փոփոխության արդյունքում է հնարավոր երկարատև, դեպի դրականը փոփոխություն շփման գծում։

Տեսանյութեր

Լրահոս