Հայոց ցեղասպանության հետևանքները` երևանյան հիվանդության տեսքով

Պարբերական հիվանդությունը, կամ ինչպես այն Հայաստանում առավել հատնի է՝ «երևանյան հիվանդությունը», ժամանակակից բժշկագիտության մեջ ամենահանելուկային և ամենաառեղծվածային հիվանդություններից մեկն է համարվում։ Թեև այս հիվանդության մասին խոսվում է դեռևս վաղ ժամանակներից, սակայն հիվանդության ամբողջական նկարագիրը պարզ է դարձել ավելի ուշ։

Ըստ որոշ վարկածների՝ պարբերական հիվանդությունը տարածված է ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանում։ Այն, որ  երևանյան հիվանդությունը հայերի շրջանում առնչություն ունի Հայոց ցեղասպանության հետ, այդ մասին այսօր խոսում են մի շարք անվանի հայ մասնագետներ։

Թեև հիվանդությունը հատուկ է միջերկրածովյան տարածաշրջանի ժողովուրդներին, բայց հիվանդության պատմությունն այս գործոնի տեսանկյունից ուսումնասիրված չէ: Բացահայտված չեն նաև հիվանդության ընթացքում նոպաներին նախորդող և պարբերաբար կրկնվող հոգեախտաբանական երևույթները, ինչպես նաև դրանց առաջացման և անհետացման պատճառները։

Թեմայի շուրջ Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է հոգեբույժ Արմեն Ներսիսյանի հետ: Նա մեծ ավանդ ունի այդ հիվանդության պատճառների ուսումնասիրության և բուժման հարցում։

– Հաստատվա՞ծ է այն վարկածը, որ ցեղասպանությունները, կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները նպաստում են այս հիվանդության զարգացմանը:

– Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երևանյան հիվանդության կրողների 80 տոկոսը գաղթի և աքսորի ենթարկվածի սերունդներ են։ Եվ ուշագրավ է, որ նմանատիպ հիվանդությունը հանդիպում է առավել հին ազգերի մոտ, ինչպես օրինակ՝ հայերի, հրեաների, արաբների։ Հայերիս ամբողջական ենթագիտակցականի մեջ նստած է, որ մենք ենթարկվել ենք ցեղասպանության և ինքներս մեր մեջ ունենք արդեն հոգեկան տրավմա։ Կրթության, դաստիարակության, ընտանիքի և այլ գործոններից կախված՝ այդ տրավման որոշ մարդկանց մոտ վառ է արտահայտվում, իսկ ոմանց մոտ՝ ոչ։ Եթե մայրը հղիության ընթացքում տանում է դեպրեսիա, երեխայի ենթագիտակցական աշխարհում արդեն առկա օջախը սկսում է ակտիվանալ կյանքի ընթացքում։ Եթե երեխան ընտանիքում պարբերաբար գտնվում է սթրեսի մեջ, ապա իր ենթագիտակցականում առկա տրավման հասունանում է ու արդեն արտահայտվում է ոչ միայն հոգեկան աշխարհում, այլև մարմնական ձևով՝ նոպաներով, ցնցումներով ցավերով։

Մեր ենթագիտակցականի մեջ նստած է անձի հոգեկան, ֆիզիկական և ընտանեկան տրավմայի ինֆորմացիան։ Օրինակ՝ ծնողների վեճերի ժամանակ երեխաների մեջ կարող են ի հայտ գալ սուր ցավեր, նոպաներ, ինչն էլ ապացուցում է, որ իրենց ենթագիտակցականի մեջ այդ տրավման նստած է։

Այն, որ ցեղասպանությունը կարող է գենետիկ մուտացիայի հանգեցնել, մենք դա կարող ենք բացատրել Ռուանդայի օրինակով: Այս մասին արդեն արտասահմանյան պրոֆեսորներն են խոսում: Խորը սթրեսը կարող է մուտացիայի ենթարկվել և առաջացնել նման հիվանդություններ։ Եվ այս առումով այդ հիվանդությունը կարող է մոտ 7 սերունդ փոխանցվել։

– Իսկ որո՞նք են հիվանդության հիմնական ախտանշանները:

– Երևանյան հիվանդության ընթացքում տեղի ունեցող հաճախակի նոպաների ժամանակ ընկնում է հիվանդի տրամադրությունը, նրանք սիրում են մեկուսանալ, առաջանում է աննկարագրելի տագնապ և այլն։ Դրանից հետո միայն նոր ի հայտ են գալիս տարաբնույթ ցավեր, ջերմություն: Հետաքրքրականն այն է, որ շատ շուտով այդ սիմպտոմները կարող են անցնել։ Հիվանդները խոստովանում են, որ նոպաների ժամանակ նրանք տեսիլքներ են ունենում, նրանց թվում է, թե իրենց հետապնդում են: Տեղի է ունենում տրամադրության անկում, սիրում են մեկուսանալ, առաջանում է աննկարագրելի տագնապ և այլն։

Այն, որ հիվանդությունն առնչություն ունի ցեղասպանության հետ, ապացուցում է այն փաստը, որ հիվանդների ցավերը հիմնականում լինում են ոտքերի, մեջքի և թոքերի հատվածում, ինչն էլ  պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց նախնիներին թուրքերը տեղահանության, ցեղասպանության ժամանակ ահռելի մեծ տարածքներով են ստիպել անցել:

– Այս հիվանդության բուժման համար ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

– Խոսելով բուժման մասին՝ ասեմ, որ դա բավականին վտանգավոր հիվանդություն է, քանի որ այն անդրադառնում է երիկամների վրա։ Պետք է նշել, որ այս հիվանդության համար հստակ բուժում առայժմ չկա։ Հիվանդության էությունն այն է, որ անցյալի հիշողությունը գերիշխում է ներկայի վրա, մինչդեռ հակառակը պիտի լինի։ Դրա համար էլ բուժումը պետք է տանել այդ ուղղությամբ։ Երեխաների դեպքում բուժումը սկսվում է ընտանիքից, ընտանիքի մոդելի կարգավորումից։ Ես, որպես նարեկաբույժ, բուժման ընթացքում օգտագործում եմ հատվածներ «Մատյան ողբերգություն» պոեմիցց, որն օգնում է ջնջել տրավմայի ինֆորմացիան ենթագիտակցական աշխարհից։ Իսկ մեծահասակների դեպքում բուժման էությունն այն է, որ մարդիկ իրենց հոգում և սրտում պետք է վերապրեն այդ քարացած հիշողությունները և անարդարությունը։

Ինչպես գիտենք, հոգեբանության մեջ կա «նկարի դիագնոստիկա» հասկացությունը, երբ նկարի միջոցով որոշվում է երեխայի, կամ մեծահասակի հոգեկան վիճակը։ Այս նկարներն արվել են պարբերական հիվանդություն ունեցող երեխաների կողմից։ Այստեղ, ինչպես տեսնում եք, կան մի քանի դեմքեր՝ խառնված իրար, և խառը գույներ։ Եթե մենք այս նկարները ցույց տանք ցանկացած հոգեբանի, ապա նրանք կախտորոշեն անձի ես-ի եռատում, քառատում որը լինում է տրավմատիկ մարդկանց մոտ։

Հիվանդությունն առաջին անգամ գիտական տեսանկյունից ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանը իր ֆունդամենտալ աշխատություններից մեկում։ Հետաքրքիրն այն է, որ նա լինելով բժիշկ, լավ ծանոթ էր նաև հոգեբանության հետ և իր աշխատությունում այդ հիվանդությունը ներկայացրել է հոգեբանության դիրքերից։

Հենց իրենք հոգեթերապևտները խոստովանում են, որ մարմնական նշաններից առաջ լինում է խորը տեղաշարժ հոգեկան աշխարհում, բայց նրանք այդ ամենը չեն կապում երևանյան հիվանդության հետ, այլ վերագրում են այլ հիվանդությունների։

Այս հիվանդության ուսումնասիրություններում մեծ դեր ունեն պրոֆեսորներ Վիլեն Հարությունյանը, Էդուարդ Նազարեթյանը: Նրանք փաստել են, որ հիվանդության նոպայի ժամանակ սթրեսային տեղաշարժ է տեղի ունենում մարդկանց հոգեկան աշխարհում։ Եվ այս առումով ես շարունակեցի նրանց գործը։

Ավելացնեմ, որ 2005թ. Թուրքիայում մի կոնֆերանս տեղի ունեցավ, որի թեման էր «Մարդն է պատճառը հոգեբանական տրավմայի և միգրացիայի» և այդ կոնֆերանսին ես ուղարկեցի իմ աշխատանքներից մեկը, որի վերնագիրն էր «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները 90 տարի հայկական ջարդերից հետո»։  Եվ հետաքրքրական է, որ իմ հոդվածը իրենք տպեցին։

Ուշագրավ է, որ առաջինը հայ պրոֆեսորներն են սկսել նկարագրել այս հիվանդությունը դեռևս 1937-ին: 1945-ին արդեն դրանով սկսել են զբաղվել արտասահմանցի մասնագետները: Իրենց ուսումնասիրությունները սկսել են Լիբանանից` Այնճար գյուղից` առանց տեղեկանալու, որ այդտեղ հիմնականում ապրում են Կիլիկյան Հայաստանի Մուսա լեռ գյուղից Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթած հայերը: Այս առումով նշեմ, որ փառք ու պատիվ մեր մասնագետներին, ովքեր այս հիվանդության ուսումնասիրության հարցում ավելի առաջ են գնացել, քան արտասահմանցի գործընկերները։

Այս հիվանդության ուսումնասիրություններում մեծ դեր ունեն պրոֆեսորներ Էդուարդ Նազարեթյան և վերջինիցս առաջ Վիլեն Հարությունյանը։ Իրենք փաստել են, որ հիվանդության նոպայի ժամանակ ստրեսային տեղաշարժ է տեղի ունենում մարդկանց հոգեկան աշխարհում։ Եվ այս առումով ես շարունակեցի նրանց գործը։

– Իսկ ինչո՞ւ են նաև թուրքերն ունենում այդ հիվանդությունը:

– Որովհետև նկատի ունենանք, որ թուրքերի մի ստվար զանգված բռնի կրոնափոխ եղած հայեր են, հայ կանանց բռնությամբ կնության առած թուրքերի սերունդներ, որոնց էլ և փոխանցվել է հիվանդությունը: Ահա թե ինչու թուրքերը երբեմն փորձում են իրենց ներկայացնել այն հին ազգերի շարքում, որոնց բնորոշ է պարբերական հիվանդությունը:

Տեսանյութեր

Լրահոս