Ամստերդամը ծրագրում է 2030 թվականից միայն էլեկտրամոբիլներ թույլատրել քաղաքում
Ամստերդամի մունիցիպալիտետը հրապարակել է ծրագիր, համապատասխան որի 2030 թվականից մուտքը քաղաք փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ՝ էլեկտրամոբիլների: Ինչպես հայտնել է Dutchnews լրատվական պորտալը, տեղական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա քաղաքացիների կյանքի տեւողությունն ավելացնել երեք ամսով։
Սպասվում է, որ արդեն 2020 թվականից կարգելվի այն դիզելային ավտոմեքենաների մուտքը Նիդեռլանդների մայրաքաղաք, որոնք հարահոսից իջել են 2005 թվականից ավելի վաղ, ինչը կշոշափի մոտավորապես 4 հազար քաղաքային ավտոտերերի շահերը: Դրանից հետո արգելքն աստիճանաբար կտարածվի նաեւ այլ ավտոմոբիլների վրա՝ ընդհուպ մինչեւ առաջադրված նպատակին հասնելը: Ընդունված միջոցների առաջին գնահատումը պլանավորված է 2022 թվականին:
«Ամստերդամցիները մեկ տարի պակաս են ապրում օդի աղտոտվածության պատճառով,-պորտալը մեջբերել է փոխքաղաքագլուխ Շարոն Դեյքսմայի խոսքը:-Իրադրությունը փոխելու ամենաարդյունավետ եղանակը քաղաքն էկոլոգիապես մաքուր տրանսպորտի փոխադրելն է: Իմ նպատակն է՝ Ամստերդամը դարձնել մաքուր տրանպորտի համաշխարհային մայրաքաղաքը»: Այսօրվա դրությամբ Ամստերդամի ինը փողոցում օդի աղտոտվածությունը գերազանցում է ԵՄ-ի սահմանած նորմաները»:
Ներկայում քաղաքում ստեղծված են էլեկտրամոբիլների համար նախատեսված մոտավորապես 3 հազար լիցքավորման կայաններ: Իշխանությունների գնահատմամբ, նախագծի հաջող իրականացման համար դրանց թիվը մինչեւ 2025 թվականը պետք է հասցվի 16-23 հազարի: «Անցումը էկոլոգիապես մաքուր տրանսպորտի խրախուսվելու է դրամաշնորհների ու սուբսիդիաների տրամադրման ճանապարհով,-հայտնել է Դեյքսման:-Սակայն իրենց ավանդը պետք է ներդնեն բոլոր կողմերը՝ ե՛ւ ընկերությունները, ե՛ւ բնակիչները, ե՛ւ հյուրերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: