Շուշիում Կոնվերս Բանկի աջակցությամբ պրոֆեսիոնալ մարզահրապարակ է կառուցվել

Մայիսի 4-ին Շուշիում կայացել է պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում:Արարողությանը ներկա են գտնվել Արցախի պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Առողջ ապրելակերպի խրախուսման այս ձևաչափը մեծ տարածում ունի ողջ աշխարհում՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց առողջության մասին հոգալ բաց տարածքում օրվա ցանկացած ժամի: Հայաստանում և Արցախում  պրոֆեսիոնալ մարզահրապարակների մշակույթը համեմատաբար նոր երևույթ է: Հուսով ենք, որ առաջիկայում մարզահրապարակը կդառնա Շուշիի քաղաքային կյանքի, բնակչության առօրյայի մի մասը»,- իր խոսքում ասել է Կովերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ նման պրոֆեսիոնալ ևս 4 մարզահրապարակ է  կառուցվում Հայաստանում:

Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացված այս  նախագիծը Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է նաև Մասնավոր հատված-Համայնք համագործակցության  տեսանկյունից:

«Մենք, որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ պատասխանատու ենք համարում նաև համայնքների զարգացման հարցում, ինչի վկայությունն է այս նախագծի իրականացումը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում մարզահրապարակի պահպանման և շահագործման հարցերը կհոգան Կոնվերս Բանկը և Street Workout թիմը, այնուհետև մարզահրապարակը տնօրինման կհանձնվի քաղաքային իշխանություններին»,- եզրափակել է պարոն Հակոբյանը:

Մարզահրապարակի բացման արարողությանը հաջորդել  են Street Workout-ի Արցախի թիմի և Street Workout Հայաստանի հավաքականի ցուցադրական ելույթները,ինչպես նաև մասնակից ատլետների պարգևատրման արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս