Բաժիններ՝

«Սպասում էիք, որ ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը պետք է դատապարտե՞մ».  Զարուհի Բաթոյան

«Դուք սպասում էիք, որ ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը պետք է դատապարտե՞մ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է, որ ինքը դատապարտել է մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը չի դատապարտել:

«Ոչ, ես երկակի ստանդարտ չեմ տեսնում, որովհետև խոսքը հասարակական կազմակերպության քննարկման մասին է: Խոսքն ասուլիսի մասին չի եղել, ազատ խոսքի ոչ մի սահմանափակում չի եղել: Խոսքն ազատ գործելու հնարավորության մասին է: Եթե հիշում եք՝ ձեր նշած ասուլիսը բոլորովին այլ պայմաններում էր, այլ իրավիճակում: Որևէ ընդհանուր բան չեմ տեսնում ասուլիսի և գրքի քննարկման մեջ»,- ասաց նա:

Նշենք, որ նախարարն իր խոսքում նշեց, որ «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա, իսկ ինքն իր հայտարարությամբ դատապարտել է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձն ու կարևորել մարդու իրավունքների ոլորտում աշխատող հ/կ-ների համար անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը  ֆեյսբուքյան իր էջում դատապարտել էր տեղի ունեցած միջադեպը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս