«Հայկ Մարությանի գործունեության 6-7 ամիսների ընթացքում աղբահանության հարցում մենք չունենք որևէ առաջընթաց». Դավիթ Խաժակյան

Երևան քաղաքում աղբահանության ճգնաժամի մասին խոսում են հասարակական տարբեր շրջանակներում։ Ինչո՞ւ է ուշանում խնդրի լուծումը, ովքե՞ր են մեղավոր, կա՞ն արդյոք կոռուպցիոն մեխանիզմներ քաղաքապետարանում. այս և այլ հարցերի պատասխանները 168.amը լսել է Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից։

Մամուլում տարածված վերջին լուրը, թե Երևանն աղբահանության ճգնաժամից փրկելու համար Հայկ Մարությանը կոմունալի համակարգումը հանձնել է Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, Ձեզ զարմացրել էր։ Ի՞նչ մանրամասներ ունեք, ու եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը։

– Նախ պետք է ասեմ, որ կոմունալ տնտեսությունը քաղաքային տնտեսության ամենամեծ մասերից է, և կարևոր քաղաքային հարց է, թե ով է համակարգում այդ ոլորտը։ Մինչ այս բոլորը գիտեին, որ այդ համակարգումը դրված է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա։ Եվ այդ լուրը, որը, ըստ էության, տարածվեց ոչ թե քաղաքապետարանի կողմից, այլ ԶԼՄ-ների միջոցով, ամենավառ վկայությունն է այն բանի, որ քաղաքապետարանն իր գործունեության մեջ այդքան էլ հաշվետու չէ, որովհետև այդ հարցը երկրորդական չէ, և որքանով ես տեղյակ եմ, դրա մասին խոսվել է երկուշաբթի օրը գործակարգավարական նիստին։

Այստեղ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ համակարգումն իրականացնելու է քաղաքապետի խորհրդականը, և ոչ թե՝ տեղակալներից մեկը. կարծում եմ, որ կառավարչական առումով սա էլ է կարևոր։ Ես դեռևս միայն արձանագրում եմ, որ դա ոչ հաշվետու, ոչ թափանցիկ գործունեության մի դրվագ է։

 – Վերջերս հայտարարեցիք, թե «Կամազ» մեքենա գնելը քմահաճույք է, և կասկածի տակ դրեցիք գնումների գործընթացը։ Ըստ Ձեզ՝ կոռուպցիոն ի՞նչ մեխանիզմ է գործի դրվել։

– Ես ասացի, որ ունեմ կասկած այն մասով, որ տեղի է ունեցել հակամրցակցային համաձայնություն. նախապես, մինչև մրցույթ հայտարարելը, կասկած ունեմ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Կամազ» ներկրող կազմակերպության հետ՝ աղբատար մեքենաներ ձեռք բերելու հետ կապված։ Այսօր ամսի 2-ն է, արդեն շաբաթներ են անցել Կառավարության որոշումից, և 15 նախատեսված մեքենաներից պայմանագիրը կնքվել է 5-ի համար, որը հենց «Կամազ Արմենիան» է։ Ես հարցնում եմ, եթե ողջամիտ են այդ ժամկետները հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար, և բոլորը հավասար պայմաններում են, ինչպե՞ս է ստացվում, որ առ այսօր միայն այդ կազմակերպությունից է, որ պայմանագիրը կնքված է։ Այս հարցերի պատասխաններն իրենք այդպես էլ չտվեցին։ 24 մեքենաների հետ կապված գործը գտնվում է դատարանում, տեսնենք՝ ինչ ընթացք կունենա։

Քաղաքն աղբի մեջ է, Ձեր կարծիքով՝ քաղաքային իշխանությունները ե՞րբ կկարողանան այդ հարցը կարգավորել։ Ինչո՞ւ «ՍանիՏեքը» չի կարողանում աղբահանություն իրականացնել։ Նախկինում կարողանում էր, հիմա ինչո՞ւ չի ստացվում, խնդիրն ինչո՞ւմն է. աղբի քանակը նույնն է, տեխնիկա՞ն է խնդիրը, աշխատուժի՞ խնդիր կա, թե՞ այլ հարց է։

– Խնդիրը բազմաշերտ է, եկել է հնուց, բայց այս պահին մեկ կարևոր հանգամանք կա՝ թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Քաղաքապետարանը, որպես լուծում, փորձեց համայնքայնին հիմնարկ ստեղծել, որը պետք է զբաղվի աղբահանությամբ, ըստ էության, փորձելով իրականացնել «ՍանիՏեքի» գործառույթների մի մասը։ Նախ՝ իրավաբանորեն ինչպե՞ս պետք այս երկու գործընթացները խաչվեն՝ ինձ համար դեռ պարզ չէ, որովհետև, եթե կան «ՍանիՏեքի» հետ կնքված լիարժեք երկու պայմանագրեր, ապա այս երրորդ հիմնարկն ինչպե՞ս պետք է այս երկու պայմանագրերի հետ առնչվի։ Երկրորդ, ես հայտարարել եմ, որ համայնքային հիմնարկը մի բյուրոկրատական մարմին է, որն օպերատիվ չի կարող գործել, և շատ դժվար է լինելու, եթե չասեմ՝ անհնար, որ աղբահանության գործառույթն իրականացվի համայնքային հիմնարկի միջոցով։ Եվ, հետևաբար, ես համարում եմ, որ աղբի խնդրի լուծման հետ կապված էֆեկտիվ քայլ դեռևս ձեռնարկված չէ, իսկ այն, որ մենք փողոցներում ունենք այս վիճակը, հենց դրա վառ վկայությունն է։

– 168.am-ում հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ Բեյրութում հանդիպումներ է ունեցել «ՍանիՏեքի» տնօրենի հետ։ Տեղեկությունը խիստ հավաստի է։ Ի՞նչ գործ ունի ԱԺ փոխնախագահը «ՍանիՏեքի» տնօրենի հետ, և առհասարակ՝ աղբահանության ոլորտն ինչո՞ւ է դարձել իշխանական քաղաքական ուժի ներսում կռվախնձոր։

– Հանդիպման մասով ոչինչ չեմ կարող ասել. անպայման ամբողջությամբ կընթերցեմ հրապարակումը, միայն կարող եմ ասել հետևյալը։ Երկու շաբաթ առաջ կառավարությունն իր նիստում մոտ 40 րոպե քննարկեց աղբահանության հարցը՝ նաև այնտեղ հրավիրելով քաղաքապետին։ Սա վկայությունն է այն բանի, որ քաղաքապետարանն իր գործառույթը չի կարողանում կատարել, և կառավարությունը ստիպված նման միջամտություն է ցուցաբերում։ Նաև կառավարության նիստից տեսանելի էր, որ ոչ թե իրենք չգիտեն, թե ինչ պլաններով է շարժվելու քաղաքապետարանը, այլ դրա վերաբերյալ ունեն լուրջ վերապահումներ. այդ էր պատճառը, որ երկար քննարկվեց։

Մենք արձանագրում ենք, որ քաղաքապետի գործունեության 6-7 ամիսների ընթացքում այս հարցում մենք չունենք որևէ առաջընթաց։ Միակ գործնական քայլը, որը քաղաքապետն իրականացրել է՝ դա միջնորդելն էր, որպեսզի «ՍանիՏեքը» ենթավարձակալներ վերցնի ՝ «Զիլերը» շահագործելու համար։ Դրանք կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետ լուծման տեսանկյունով՝ ես վստահ հայտարարում եմ՝ քաղաքապետարանը չունի տեսլական, թե ինչպես է լուծելու այս խնդիրը համակարգային կերպով։

Կոնկրետ այս դրվագը հաշվի առնելո՞վ էիք հարցազրույցներից մեկում օրերս նշել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր պարտավորությունները չի կատարում, թե՞ ուրիշ դրվագներ էլ կան:

– Սա դրվագներից մեկն էր։ Ես վերջին նիստի ժամանակ ասացի, որ բյուջեում ունենք մուտքերի թերհավաքագրում ՝ նախորդ տարվա համեմատ ևս հավաքել ենք շուրջ 55 միլիոն դրամ պակաս։ Հասկանում եք, երբ քաղաքապետը և ֆինանսական գծով վերջինիս տեղակալն այս ինֆորմացիան լսելիս ասում են, որ չկա նման բան, այդ թվերը մեզ համար խորթ են, նշանակում է՝ իրենք ո՛չ նորմալ հետևում են քաղաքապետարանի բյուջեի մուտքերին, ո՛չ էլ ծախսերն են իրականացնում արդյունավետ կերպով։ Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե որն է դրա պատճառը՝ ոչ պրոֆեսիոնալի՞զմը, անտարբերությո՞ւնը… ի՞նչն է պատճառը, որ քաղաքապետը և ֆինանսական գծով տեղակալը տեղյակ չեն՝ բյուջեն նախորդ տարվա համեմատ քիչ է հավաքագրվել և թերակատարվել է։

– Եթե քաղաքապետարանը թերակատարել է 2019թ. առաջին եռամսյակի բյուջեն, և քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն։

– 2019-ի ավարտին մենք կհասկանանք՝ կկարողանա՞ն կատարել, թե՞ ոչ։ Մենք հետևում ենք եռամսյակային հաշվետվություններին, և այդ հաշվետվութուններում հստակ թվերով ամեն ինչ ֆիքսված է։ Առաջին եռամսյակի թերակատարումը լուրջ խնդիր է նաև այն առումով, որ առաջին եռամսյակն ամենանպաստաբերն է. մարդիկ հակված են իրենց ֆինանսական պարտավորությունները տարեսկզբին կատարել։ Եվ եթե առաջին եռամսյակում մենք ունենք խնդիր, ես ահազանգում եմ, որ երկրորդ, երրորդում առավել ևս այդ խնդիրը կարող է լինել։ Գիտեք, եթե մենք պիտի սպասենք, որ տարվա կտրվածքով թերակատարվի, նոր արձանագրենք, որ մուտքերի մասով ձախողումներ ունենք, ապա քաղաքը մատնում ենք բազմաթիվ խնդիրների։ Եթե չունես մուտքեր, ուրեմն չես կարող անել այն ծախսերը, որոնք նախատեսել էիր։

Մամուլում և սոցցանցում փաստարկված հրապարակումներ եղան Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումների կազմակերպիչների մասին։ Նշվում էր, որ հեղափոխությունից հետո այս իշխանությունների բոլոր միջոցառումների կազմակերպչական, ցուցանակների և այլ նյութերի տպագրության աշխատանքները տրվել են 2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշըն» ընկերությանը։ Նշվեց նաև, որ այդ ընկերության հիմնադիրները Հայկ Մարությանի շրջապատից են և Փաշինյանի կուսակցությանը հարող շրջանակներից։ Այս հարցը քաղաքապետարանում, ավագանիում քննարկվե՞լ է, թե ինչո՞ւ են բյուջեից հսկայական այդ գումարներ ենթադրող պատվերները տրվում իրենց մտերիմների ընկերություններին։

– Ձեր նշած գնումներն իրականացրել է կառավարությունը. այդ մասով այն դուրս է ավագանու վերահսկողությունից, և դա է պատճառը, որ ես այդ գնումներին չեմ հետևել։ Բայց մի բան կարող եմ հստակ ասել. որևէ մրցույթ՝ անկախ նրանից՝ ով է հաղթում, եթե իրականացվում է մեկ անձից գնումով, այն խնդրահարույց է։ Եվ լինի քաղաքապետարանը, լինի կառավարությունը, ամենայն մանրամասնությամբ պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ հենց ա՛յդ կազմակերպություններից է կատարել մեկ անձից գնումը։ Այս քննարկումներին առիթ տվեց այն, որ հաղթեց մի կազմակերպություն, որի կապերի մասին մամուլում կան տարբեր հրապարակումներ, և որևէ մեկը չի բացատրում, թե ինչո՞ւ հենց ա՛յդ կազմակերպությունը հաղթեց։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս