«Մեր կանխատեսումն իրականացավ». Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ Ադյանի ազատ արձակման մասին

«Մեր կանխատեսումը, որ պետք է ազատ արձակվի, իրականացավ, և ընթացքն արդեն ցույց կտա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանի ազատ արձակմանը Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացրել էին, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանն այսօր ազատ է արձակվել։

Հիշեցնենք նաև, որ Ինեսսա Պետրոսյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ադյանը ազատ կարձակվի: Նա մասնավորապես նշել էր. «…Երբ որ մենք տեսնում ենք արդեն, որ նրանցից երկուսը արդեն կալանքից ազատված են, և ես վստահ եմ, որ կազատվի նաև Ադյանը առաջիկա օրերին, որովհետև այստեղ միանշանակ Ադյանը և մյուսները գործարքի մեջ են նախաքննական մարմնի հետ» ։

ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Գործի շրջանակներում 2019 թվականի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս