Բաժիններ՝

Աբու Դաբիում ներկայացվում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

Հայկական «ԱրՄաթը» մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: Այս մասին հաղորդում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

«ԱրՄաթն» Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ ինքնուրույն մոդելավորած ու պատրաստած ռոբոտները, դրանց ծրագրային լուծումները, ինչպես նաև՝ երեքը մեկում հաստոց, որը ներառում է եռաչափ տպիչ, շաղափային և լազերային հաստոցներ:

«Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցում են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ «ԱրՄաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏՁՄ-ն ծրագրում է լաբեր տեղադրել ՀՀ բոլոր դպրոցներում, և բանակցություններ է վարում նաև այն մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ:

WCIT 2018-ի ընթացքում կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները կարտահանվեն:

«ԱրՄաթում» ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «ԱրՄաթ» խմբակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս