«Սպանելու, մորթելու հասարակական պահանջը մեկ տարվա ընթացքում խորացել է, որը լավ տեղ չի տանում». Էլինար Վարդանյան

«Դեկտեմբերին ունեցանք ազատ և թափանցիկ քվեարկություն, բայց ոչ՝ ընտրություն: Քաղաքական կուսակցությունների կազմալուծված լինելու դեպքում ընտրություն անցկացնելը հանգեցրեց նրան, որ քաղաքացիներն իսկապես գնացին, ազատ քվեարկեցին, բայց գիտակցված ընտրություն այդպես էլ չկատարվեց: Պատճառներից մեկը հանդիսանում էր այն, որ Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը չէին փոփոխվել, ցավոք, մինչ այժմ այս երկու օրենքների վերաբերյալ քննարկումներ չկան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում նոր իշխանության կատարած աշխատանքներին՝ Էլինար Վարդանյանը նշեց.

«Հասկանալի է, որ կարճ ժամանակահատվածում տեսանելի փոփոխություններ չէին կարող լինել, բայց պետք է ուրվագծված լինեին բոլոր ռեֆորմների համակարգերը, որոնց որ պատրաստվում է գնալ ՀՀ-ն: Չկան ռեֆորմներ կրթական համակարգում, կա պարզապես՝ մտնել դպրոց՝ տնօրենի, պահակի ձեռքը բռնել, ասել, որ՝ տեսե՛ք, այսինչ լուրջ կոռուպցիան ենք հայտնաբերել, որը կատարվել է նախկինում: Դատաիրավական համակարգում կան զուտ հայտարարություններ, որ իշխանություններն այլևս այդ համակարգի վրա ազդեցության որևէ մեթոդ չեն կիրառում, չեն խառնվում: Մեկ բան է, երբ հայտարարում են, մեկ այլ բան է, թե իրականում ինչ է տեղի ունենում:

Եթե իրականում փորձում ենք կառուցել ժողովրդավարական, իրավական պետություն, ապա առաջին քայլը, որ պետք է արվեր, հենց դատաիրավական համակարգի փոփոխությունը պետք է լիներ: Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այն բոլոր իրավունքները, որոնք որ խախտվել են, վստահելի դատական համակարգի միջոցով կարող են պաշտպանել: Բայց ունենք հայտարարություն, որ քաղաքական կամք ունեն, այլևս դատարաններին ուղղություն ցույց չեն տալու, դրա կողքին կա ձայնագրություն, որտեղ պետական պաշտոնյաները խոսում են դատավորների վրա ազդեցության վերաբերյալ: Ունենք հայտարարություն, որ  կոռուպցիան արմատախիլ է արվում, դրան զուգահեռ՝ ունենք առաջին հակակոռուպցիոներ համարվող անձի՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ և մեղադրանք:

Մթնոլորտի մասին ընդհանրապես չեմ խոսի, որովհետև մեկ տարվա ընթացքում հասարակությունն այնքան է բաժանվել սևերի, սպիտակների, հեղափոխականների, հակահեղափոխականների, որ այս պայմաններում զարգացում, դրական օրակարգ ակնկալել տեղին չէ: Սպանելու, մորթելու հասարակական պահանջը մեկ տարվա ընթացքում խորացել է, որը լավ տեղ չի տանում»:

ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, թե փոփոխություններ կան, բայց դրանք բացասական երանգ ունեն:

«Հոկտեմբերի 2-ն ապացուցեց, որ այդ օրը գործադիր իշխանությունը փորձեց ամեն կերպ ազդել  օրենսդիր իշխանության որոշման վրա: Եվ այսօր այդ փորձն ակնհայտ է: Կառավարությունը բերում է նախագիծ, իսկ պատգամավորներին երբ հարց են տալիս, ասում են՝ պարոն վարչապետն այսպես է  ասել: ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցողի դերն ու նշանակությունն այսօր չի ներկայացնում: Ունենք 50.000 աշխատատեղի  մասին հայտարարություն, որը էլի բացասական է, որովհետև իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց ՀՅԴ նախկին պատգամավորը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս