Բաժիններ՝

Ի՞նչ սցենար են գծել իշխանություներն աղբահանության ոլորտում. ո՞ւմ շահերն են իրականում սպասարկվում

Այս օրերին, երբ Երևանի քաղաքապետարանը մի կողմից՝ քննարկում է աղբահանության երկրորդ օպերատորի ներգրավման հարցը լուծել, մյուս կողմից՝ պատրաստվում է ձեռք բերել թվով 24 բեռնատար մեքենաներ, Երևանի բնակիչները մի ուշագրավ դեպքի են ականատես եղել:

Կեսգիշերից հետո, ժամը 2:40-3:20-ի սահմաններում պատահական նկատել են, թե ինչպես է աղբատար մեքենան Լամպերի գործարանից դեպի Կոտայք գնացող հատվածում դանդաղ վարելով՝ հանկարծ անջատում լույսերը և մթի մեջ մոտ 20 մետր բարձրանալուց հետո մոտենում ճամփեզրին ու հենց այդտեղ թափքից աղբը գետնին դատարկում:

Տարօրինակ դեպքին ականատես քաղաքացին 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ վայրում նույնիսկ տեղադրված աղբամաններ չկան: Ու զարմացած էր, թե ինչո՞ւ է վարորդը որոշել աղբը թաքուն փողոցում դատարկել և հեռանալ:

Ի դեպ, ժամկետների առումով պատահածը նախորդում է «ՍանիԹեք» ընկերությանը տուգանելու որոշման օրվան:

Հիշեցնենք, ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց մայրաքաղաքի աղբահանման միակ պատասխանատու ընկերությանը պատժել՝ 13 մլն դրամ տուգանք սահմանվեց, որի արդյունքում այդ չափով պակաս կվճարվի մարտ ամսին փոխանցվելիք ծառայության վճարը: Իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը զուգահեռաբար նաև իր լծակների գործադրմամբ է պատրաստվում պայքարել Երևանի փողոցներում համատարած կուտակված աղբի դեմ:

Կառավարության նիստին ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ևս 24 բեռնատար ձեռք բերելու նախագիծ ներկայացրեց՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ «Երևանում վատթարացել է աղբահանության վիճակը, ուստի օպերատորը, որն իրականացնում է աղբահանությունը, սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, հետևաբար՝ քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը»:

Ստացվում է, որ քաղաքացիների կողմից նկարագրված կեսգիշերային դրվագն ամենևին էլ վարորդի սովորական զայրույթ չէ, կամ ոչ սթափ վարքագիծ: Բացառված չէ, որ ամենուր առկա աղբի տեսարանները մի քիչ էլ «նկարովի» են ստացվել, իսկ «ստեղծագործ աշխատանքի» հիմքում, թերևս, դրվել է նոր «Կամազ» ավտոմեքենաների գնումների վիճահարույց գործընթացը:

Նշենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ ինքնաթափ մեքենաներ է վարձակալել մայրաքաղաքի բակերն աղբակույտերից փրկելու նպատակով, որոնք «ՍանիԹեքի»՝ տեղ չհասած մեքենաների փոխարեն՝ մաքրում են կուտակումները:

Ի դեպ, աղբահանության միակ օպերատորն այս փոխարինող մեքենաների համար, միևնույն է, պիտի ինքը վճարի, ավելին՝ պարբերաբար իրավիճակ փրկած մեքենաների համար «ՍանիԹեքը» ենթակապալառու ընկերությունների նկատմամբ արդեն իսկ ունի կուտակած պարտքեր: Եվ այս քաոսային հարաբերությունների հետևանքը մարսում են երևանյան որոշ բակեր: Օրինակ, որոշ թաղամասերում այս փոխարինող մեքենաներն այլևս չեն մոտենում, արդյունքում՝ բակերի բնակիչներն ինքնակազմակերպված՝ սեփական աղբը մեքենաներով տարածքից հեռացնում են տարբեր ուղղություներով:

«ՍանիԹեքը» մինչ այդ կարողացել է իր ունեցած ռեսուրսներով որոշակիորեն ապահովել քաղաքի մաքրությունը։ Նոր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանության գալով՝ առաջին իսկ օրերից սկսեցին հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «ՍանիԹեքի» ուղղությամբ: ««ՍանիԹեքն» ակնհայտորեն ձախողում է»,- դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարում էր Ն. Փաշինյանը՝ նշելով, որ մայրաքաղաքի աղբահանությունը պետք է վստահվի մի քանի օպերատորների։

Այսինքն՝ իշխանություններն ի սկզբանե տրամադրված էին այս ընկերության դեմ և բազմիցս հայտարարել են, որ արդեն իսկ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրված են աղբահանության ոլորտով։

Ըստ Փաշինյանի, այդ գործընթացը կոորդինացնում է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, որին հանձնարարել էր զբաղվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության առջև ասուլիս էր հրավիրել։ Ըստ նրա՝ հրատապության ռեժիմով օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներին ուղարկվել էր նախագիծ, որ ապրիլի 23-ին կայացվող նիստում քաղաքապետարանը պետք է ստեղծի համայնքային կազմակերպություն՝ ըստ էության՝ աղբահանության երկրորդ օպերատոր։

«Նախորդ տարվանից խոսվում է երկրորդ օպերատորի մասին, և երեկ մենք իմանում ենք, որ այս նախագիծը մտնում է կառավարության նիստի օրակարգ։ Մեզ ծանուցում են, որ հրատապության ռեժիմով, առանց հանձնաժողովներում քննարկելու՝ օրակարգ է մտնում այդ կազմակերպությունը ստեղծելու հարցը։ Եվ ո՜վ զարմանք, երբ ես հայտարարում եմ, որ այսօր հայտարարություն ունեմ անելու, գիշերը՝ 00։30, քաղաքապետի մամուլի խոսնակն արդեն ներկայացնում է իրենց ծրագիրը։ Ես ոչ թե կառավարությանը կոչ եմ անում չքվեարկել այս որոշման օգտին, թող իրենք որոշեն, բայց այն, որ այս գործընթացն անօրինական է, սա փաստ է»,- հայտարարել էր Դավիթ Խաժակյանը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամներն օրեր առաջ ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց և հանդես եկել հայտարարությամբ։

Խաժակյանը նշել էր, որ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, և կառավարության նիստում քննարկում էր մի որոշում, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։ Իրավիճակը, ըստ Խաժակյանի, այնպիսին է, որ նա չի կարող պնդել և ասել, թե՝ աղբահանության հետ կապված գնում մի կատարեք.

«Բերել և հասցրել են այնպիսի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել։ Բայց ես կատարում եմ շատ հստակ պնդում և հուսով եմ, որ պատկան մարմինները սրան կարձագանքեն։ Քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի գնումն իրականացնի մեկ կազմակերպությունից։ Կարծում եմ, որ սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կազմակերպության հետ իրականացնելու այդ գնումը»:

Վերջինս նաև ասել էր, որ քաղաքապետարանը սպասել է, մինչև իրավիճակն այսքան սրվի, գտել հիմնավորումներ, որպեսզի մեկ ընկերությունից՝ «Կամազից», իրականացնի գնումներ։

«Ամենակարճ ժամկետներում այս մեքենաները կտեսնեք փողոցներում, իսկ դա կնշանակի, որ դրանք արդեն իսկ պատվիրված էին։ Այն պաշտոնյաները, ովքեր այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել, պետք է ուշ թե շուտ պատասխան տան»,- հայտարարել էր Դավիթ Խաժակյանը։

Այսինքն, չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը դիտավորյալ սրում են իրավիճակը՝ աղբի կույտեր ստեղծելով, մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ իրավիճակը հատուկ վատթարացնելով, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե «ՍանիԹեքն» ի վիճակի չէ ապահովել մայրաքաղաքի աղբահանության որակը, համապատասխան ծառայություններ մատուցել, և իրականացնեն իրենց ծրագիրը՝ նոր օպերատորներ ներգրավեն և «Կամազ» ընկերությունից գնումներ իրականացնեն և այդ «գործարքը»՝ որպես մեծ լավություն, «վաճառեն» հասարակությանը։ Հասարակությունը դժգոհում էր, վիճակը սարսափելի էր, և ահա, կառավարությունը, հաշվի առնելով այդ բողոքները, հրատապ լուծում տվեց խնդրին… Սա է իշխանությունների սցենարը։

Փաշինյանն առաջին իսկ օրերից հրապարակային դժգոհություններ է հնչեցնում «ՍանիԹեք» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների նկատմամբ։ Այն, որ կան խնդիրներ, և հասարակությունը ժամանակ առ ժամանակ իր դժգոհություններն է հնչեցնում, միանշանակ է։ Սակայն իշխանությունները խնդրի մեջ խորամուխ լինելու և դրանք լուծելու փոխարեն՝ մեղադրանքներ է հնչեցնում։ Բնականաբար, այդ ընկերություններն էլ իրենց խնդիրները կարող են ներկայացնել, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Ի դեպ, նշենք նաև, որ «ՍանիԹեքի» և իշխանությունների միջև առճակատումների ընթացքում, դեռևս անցյալ տարի, կողմերի միջև համաձայնության էր փորձում բերել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը նաև Բեյրութում էր հանդիպումներ ունեցել «ՍանիԹեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ։

Թե ինչի՞ շուրջ են քննարկումներ ունեցել նրանք՝ բովանդակային առումով մեզ մանրամասներ հայտնի չեն, սակայն այն, որ մի քանի հանդիպումներ են եղել, ստույգ է։

Հավելենք, որ իշխանական ճամբարում բազմաթիվ «թիմեր» կան, որոնք միմյանց չեն հանդուրժում և, հնարավորության դեպքում՝ միմյանց դեմ քայլեր են ձեռնարկում։ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի կուրացիան դրել էր Սուրեն Պապիկյանի վրա, Ալեն Սիմոնյանն իր հերթին էր փորձում զբաղվել և որոշ դերակատարում ունենալ, քաղաքապետ Հայկ Մարությանն իր շահերն ունի…

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս