Գոռ Հովհաննիսյանն իր հնարավոր ընտրությամբ ուզում է ապացուցել` հեղափոխությունից հետո ընդամենը էլ. նամակ ուղարկելով կարելի է դառնալ ՍԴ դատավոր
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ընտրության համար նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում կարող է վերականգնել արդարադատության հանդեպ բնակչության խաթարված հավատն ու վստահությունը: Նա ցանկանում է իր հնարավոր ընտրությամբ ցույց տալ, որ ԱԺ-ն ՍԴ-ի դատավոր է ընտրում բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածության և քաղաքական չեզոքության չափանիշով:
Հովհաննիսյանն այս մասին խոսեց ԱԺ լիագումար նիստում ՍԴ-ի դատավորի ընտրության հարցի քննարկմանը:
«Երբ դիմեցի ՀՀ նախագահին իմ թեկնածությունը նույնպես ընդունելու այդ ընտրություններում և նույն օրը այդ մասին հայտնեցի «Ֆեյսբուք»-ի իմ էջում, եղան շատ մարդիկ, ովքեր ասացին, թե իմ դիմումն անիմաստ է, և ես շանս չունեմ, քանի որ ՀՀ-ում ամեն ինչ արդեն կանխորոշված է: Նրանց բնորոշմամբ` իմ դիմումն ավելին չէր, քան ինքնախաբեություն: Ես համամիտ չեմ այս տեսակետին: ՀՀ նախագահն իր որոշմամբ ցույց տվեց, որ նրանք սխալվում էին իրենց գնահատականում, և այս փուլում ուզում եմ ձեզ հետ ցույց տալ, որ ՀՀ խորհրդարանը ՍԴ-ի և նրա դատավորների հանդեպ այնքան հարգանք ունի, որ ՍԴ-ի դատավոր է ընտրում բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածության և քաղաքական չեզոքության չափանիշով: Ուզում եմ, որ միասին մեր քաղաքացիներին ցույց տալ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում հնարավոր է դառնալ ՍԴ-ի դատավոր` ուղղակի Բեռլինից ՀՀ նախագահին մի էլեկտրոնային նամակ գրելու միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց` ուզում է, որ դիմումն անիմաստ համարող մարդիկ տեսնեն, որ սխալվել են իրենց հաշվարկներում ու վերականգնեն իրենց հավատն այն բանի հանդեպ, որ հիմա ապրում են բոլորովին այլ երկրում, քան պատկերացնում են:
Թեկնածուի կարծիքով` դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ ու կայացնել օբյեկտիվ որոշում: Հովհաննիսյանը դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը համարեց նրա քաղաքական չեզոքությունը: Նա վստահեցրեց, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և մտադիր էլ չէ, որևէ կուսակցության հետ կապ չի ունեցել: «Ես կարող եմ ու պատրաստ եմ օգնել մեր երկրին` հայկական իրավունքը զարգացնելու և արդարատության հանդեպ բնակչության խաթարված հավատն ու վստահությունը վերականգնելու հարցում»,-նշեց Հովհաննիսյանը: