Բաժիններ՝

«Եթե Դուք երազում եք զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը, պահպանեք այդ պաշտոնի պատիվն ու արժանապատվությունը». Տիմոշենկո

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի Գերագույն ռադայում համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ հարգել նախագահի կարգավիճակը: Նախագահի նախկին թեկնածու Տիմոշենկոն այս ուղերձով հանդես է եկել Պորոշենկոյի եւ Զելենսկու միջեւ ապրիլի 11-ի ուշ երեկոյան «1+1» ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած խոսքակռվի կապակցությամբ։

«Նախագահ Պյոտր Պորոշենկոն չպետք է մասնակցի ուրիշի շոուին, իսկ նրա մրցակից Վլադիմիր Զելենսկուն հարկ է դադարեցնել նախագահական կարգավիճակի պատվի ու հպարտության խարխլումը»,-Facebook-ում դիմել է Տիմոշենկոն պետության ղեկավարի երկու թեկնածուներին:

«Այժմ ես ցանկանում եմ դիմել Պյոտր Ալեքսեեւիչին: Ես գիտեմ, որ Ուկրաինայում մարդկանց մի մասը հավատում է այն բանին, որ դուք բարի գործեր եք արել մեր երկրի համար: Ուստի Ձեզ համար այս ծանր պահին ես պարզապես խորհուրդ եմ տալիս Ձեզ՝ ուրիշի շոուի մաս չդառնալ, պահել նախագահական նշաձողը եւ, որքան էլ դժվար լինի, պաշտպանել նախագահի պաշտոնի կարգավիճակը եւ պետության կարգավիճակը»,-ասել է Տիմոշենկոն:

Նա դիմել է նաեւ Զելենսկուն: «Եթե Դուք երազում եք զբաղեցնել այդ պաշտոնը (պետության ղեկավարի), պահպանեք այդ պաշտոնի պատիվն ու արժանապատվությունը: Կարիք չկա մարտեր սարքել դրա շուրջ: Կարիք չկա նախագահ դառնալու իրավունքի համար պայքարում ոչնչացնել նախագահական կարգավիճակի պատիվն ու հպարտությունը»,-ընդգծել է Տիմոշենկոն: Նրա խոսքով՝ երբ Զելենսկին «փաստորեն հեռախոսափողը նետեց գործող նախագահի դեմքին», ինքը «տեսավ, թե դա ինչ սթրես էր նախագահի համար»: «Իմանալով նրա առողջական խնդիրների մասին… Նրա բերանը չորացավ, եւ նա չկարողացավ շարունակել խոսքը…Հարկավոր է պարզապես մարդ լինել»,-ընդգծել է Տիմոշենկոն՝ հորդորելով «կարողանալ ժամանակին մի կում ջուր տալ միմյանց եւ անցնել «Ուկրաինայի վերածնմանն ու արարմանը»:

Ապրիլի 11-ի երեկոյան Պորոշենկոն եկել է Զելենսկու նկատմամբ լոյալ «1+1» հեռուստաալիք եւ նրան բանավեճի կանչել «հենց հիմա»: Զելենսկին հաղորդմանը միացել է հեռախոսով եւ հայտնել, որ գտնվում է Փարիզում: Նա ասել է, որ ապրիլի 12-ին հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Միաժամանակ ստուդիայում սկսել է խոսել նաեւ Պորոշենկոն՝ հայտնելով, որ ինքն ուրբաթ օրը նույնպես հանդիպում է ունենալու Մակրոնի հետ: Կարճատեւ խոսքակռվից հետո Զելենսկին ընդհատել է խոսակցությունը եւ նետել հեռախոսափողը:

Ավելի ուշ Զելենսկու շտաբում նրա պահվածքն արդարացրել են այն բանով, որ նրա վրա «մեծ ծավալի կեղտ է թափվում»: Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,95 տոկոս, Տիմոշենկոն՝ 13,40 տոկոսը: Ընտրությունների՝ ապրիլի 21-ին կայանալիք երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարելու են Պորոշենկոն եւ Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս