«Եթե մինչև տարեվերջ հաջողություններ չլինեն՝ քաղաքական նոր ուժեր կձևավորվեն». Կարեն Քոչարյան

«Հետհեղափոխական շրջանի սուր ընթացքը կարծես թե դեկտեմբերի 9-ին ավարտվեց, և հասարակությունն այլևս չի ընկալում սև-սպիտակ բաժանումը: Հասարակության պահանջը լրիվ այլ է: Ակնկալիքներն արդեն նոր իշխանությունից են, բայց ամեն ինչ առայժմ ընթանում է հետևյալ ֆոնի վրա՝ եթե մենք չլինենք, կլինի ՀՀԿ-ն կամ Ռոբերտ Քոչարյանը: Սա դեռ աշխատում է, բայց, եթե այսօրվա իշխանությունների կողմից մինչև տարվա վերջ չլինեն հաջողություններ՝ տնտեսության մեջ, ապա այլընտրանքի պահանջ կլինի, ու նոր ուժ կձևավորվի: Դա, բնականաբար, ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չի ունենա: Կարող է «Իմ քայլի» ներսից ձևավորված ընդդիմություն լինի, խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերից, կամ էլ լրիվ նոր ուժ կծնվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Մի քանի ամիս հետո արդեն հնարավոր չի լինի ասել՝ հները, նախկիններն են մեղավոր: Ոչ ոք չի ասում, թե մեղավոր չեն, բայց հասարակությունն արդեն դա չի ընկալի: Հասարակության հիշողությունը շատ կարճ է, և դրա ապացույցը մենք ունենք, երբ ընդամենը մի քանի տարի հետո ատելի կերպարը դառնում է սիրելի, ընդունված, ձեռքի վրա տարվող և հակառակը (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. քաղաքականություն վերադարձը,- Ա.Կ..)։

Այնուամենայնիվ, մի բան է էմոցիան, այլ բան՝ առօրյա կյանքը: Երբ ամեն օր զարթնում ես, պետք է գնաս աշխատանքի, ընտանիքիդ առնվազն ապահովես սնունդով, այլ անհրաժեշտ պարագաներով, այդ դեպքում արդեն ոչ ոքի չի հետաքրքրում, թե ի՞նչ է եղել նախկինում: Հետաքրքրում է՝ ո՞ւր եմ գնալու և երեկոյան ի՞նչ եմ տուն բերելու: Իշխանությունները պետք է դուրս գան ընդդիմադիրի կեցվածքից, հասկանան, որ արդեն ընդդիմադիր չեն, արդեն պետական գործիչներ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այն, ինչ եղել է, չի կարող և չպետք է շարունակվի: Մարդիկ մեկ տարի առաջ դուրս եկան փողոց, որպեսզի վերանար այն, ինչ կար, բայց դա չի նշանակում, որ նրանց հեռացնելով՝ կարելի է գալ ու ոչինչ չանել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է վերջերս քաղաքացիների շրջանում անընդհատ տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ դրանք անսպասելի չեն:

«Նոր իշխանությունների շուրթերից, Նիկոլ Փաշինյանի կողմից, անընդհատ ասվում է, որ այսուհետ ժողովուրդն է որոշում, և, եթե մարդկանց պատկերացումներով՝ իրենց այս կամ այն իրավունքը խախտված է, անում են այն, ինչ տեսել են: Ակցիաներով ուզում են խնդիրներ լուծել: Այս ակցիաները բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են, բայց այստեղ ինձ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ ամեն 10-20 հոգու ակցիայից իշխանությունը կարող է հետ քաշվել և չեղյալ հայտարարել նախապես կայացված որոշումը: Նախաձեռնությունից հետ քաշվելը բավականին վատ ազդակ է՝ իշխանության կողմից ուղղված հասարակությանը: Յուրաքանչյուրը սկսում է մտածել, որ կարող է նման ակցիաներով հասնել հաջողության՝ անկախ նրանից, ինքը ճի՞շտ է, թե՞ սխալ, և հետո, իշխանության նման գործողությունը լայն շրջանակների կողմից սկսում է անլուրջ թվալ: Սա նաև իմիջի խնդիր է»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս