Բաժիններ՝

Գիտնականները Ճապոնիայում ծնելիության նվազումը բացատրում են բնակչության բարձր սոցիալական ակտիվությամբ

Աշխատանքով ծանրաբեռնված լինելը շատ ճապոնացիների զրկում է երիտասարդ տարիներին լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորությունից, ինչն իր հերթին հանգեցնում է երկրում ծնելիության նվազման եւ ժողովրդագրական ճգնաժամի: Այս եզրակացությանն են եկել Տոկիոյի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի (Շվեդիա) աշխատակիցները սոցիոլոգիական հետազոտության հիման վրա, որն ընդգրկել է 1987-ից մինչեւ 2015 թվականներն ընկած ժամանակաշրջանը:

Այդ ընթացքում հավաքվել ու մշակվել են հարյուր հազարավոր անկետաներ, որոնցում Ճապոնիայի բնակիչները պատասխանել են անձնական կարիերային, ընտանիքի ստեղծմանը եւ անձնական կյանքի պլաններին վերաբերող հարցերին: Հետազոտության արդյունքները հրապարակված են BioMed Central (BMC) Public Health մասնագիտացված բրիտանական բժշկական հանդեսի վերջին թողարկման մեջ։

Ճապոնիան այն երկիրն է, որտեղ մի քանի տասնամյակ շարունակ դիտվում է ծնելիության նվազում: 126 մլն բնակչությամբ (2018 թվականի տվյալներ) երկրում մահացությունն արդեն մի քանի տարի է՝ գերազանցում է ծնելիությանը, արձանագրում են հետազոտության հեղինակները: Ընդսմին կյանքի տեւողությունը մնում է բարձր մակարդակի վրա եւ տղամարդկանց համար կազմում է  80 տարի, իսկ կանանց համար՝ 88,4 տարի:

Աշխատության հեղինակները նշում են, որ ճապոնացիներն իրենց բնույթով աշխատամոլներ են, իսկ հասարակության գերակայություններն այնպիսին են, որ առաջին տեղում հաջող կարիերան է: Այդ կապակցությամբ ճապոնացիները բավարար ուշադրություն չեն դարձնում ընտանիքի ստեղծմանը եւ երեխաներ ունենալուն:

Երկրի բնակիչների հարցումների ընթացքում պարզվել է, որ 18-ից մինչեւ 39 տարեկան երիտասարդների միայն քառորդ մասն ինտիմ կյանքի փորձ ունի (2015 թվականի տվյալներ): Ներկայում ընտանիքին բաժին է ընկնում միջին հաշվով ընդամենը 1,4 երեխա, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չի նպաստում երկրի բնակչության բնական վերարտադրությանը, նշվում է զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս