Բաժիններ՝

Հայաստանում ականների վտանգի իրազեկման միջազգային օրը նշել են թեմային նվիրված կլոր-սեղան քննարկմամբ

Հայաստանն անտարբեր չի մնացել ականների վտանգի իրազեկման և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային օրվա նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», ՄԱԿ- ի Հայաստանյան գրասենյակը և «Լինքս » վերլուծական կենտրոնը, ապրիլի 4- ին` ականների վտանգի իրազեկաման միջազգային և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային օրը, կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում:

«Միջոցառումը նվիրված է ականների վտանգի իրազեկման և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային օրվան: Հայաստանը ևս անմասն չի մնացել, մենք նույնպես ունենք ականապատ տարածքներ` դրանք 4-ն են: Եվ այս պահի դրությամբ ունենք ականներից տուժած 700 հոգի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ )ՊՈԱԿ- ի տնորեն Ռուբեն Առաքելյանը` անդրադառնալով նաև տուժածների օգնության ցուցաբերման դժվարագույն գործին.

«Մեր կազմակերպությունը չի տրամադրում ֆինանսական օգնություն, հիմնական մեր խնդիրն է վերապրոֆիլավորել այդ մարդկանց գիտելիքները, իրենց մասնագիտական կարողությունները, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան իրենց հանապազօրյա հացը վաստակել»,-ասաց Առաքելյանը:

Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող, դեսպան Շոմբի Շարփն` անդրադառնալով ականների հասցրած վնասներին, նշեց, որ ականները մարդկային կյանքին հասցվող վնասներից բացի, այլ վնասակար ազդեցություններ են ունենում նաև շրջական միջավայրի վրա. «Մենք պետք է ծավալենք առավելագույն մարդասիրական գործունեություն: Այս օրվա նպատակն այն է , որ ոչ մի պետություն չունենա ականապատ դաշտեր, այլ այդ դաշտերը դառնան խաղադաշտեր »,- ասաց Շոմբի Շարփը:

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը ` անդրադառնալով ականների պայթյուններից տուժածների օգնությանը, ասաց. «Ես նույնպես վիրավորվել եմ Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ ` Չինարի գյուղի սահմանում` ականի պայթյունից և երբ համեմատում եմ 90-ականները ու վերջին տարիները, հասկանում եմ, որ 25 տարի առաջ ականից տուժածներն իրենց խնդիրները լուծում էին ինքնուրույն, իսկ այժմ կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են սահմանին տուժածների խնդիրներով »,- ասաց Հունանյանը:

Քննարկման ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»- ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ղեկավար Մարգարիտ Լազյանը ընթերցեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղերձը` նվիրված կլոր- սեղանի մասնակիցներին:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերը, Կարմիր խաչի միջազգայի կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինը:

Միջոցառման շրջանակներում Հյուսիսային պողոտայում երեխաները ներկայացրին իրենց կավճանկարները, իսկ ՀԱՓԿ- ի մասնագետները ցուցադրեցին ականազերծման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930