ԱՄՆ-ում Boeing 737 MAX ինքնաթիռների արդիականացման վերահսկողության հանձնախումբ են ստեղծել
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հայտարարել է, որ ստեղծվել է Boeing 737 MAX ինքնաթիռների համակարգերի արդիականացման նկատմամբ վերահսկողության համատեղ հանձնախումբ: Այդ մասին ասված է ԴԱՎ-ի հայտարարության մեջ, որն ապրիլի 3-ին մեջբերել է CNBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Դաշնային ավիացիոն վարչությունը վերահսկող մարմնի կազմում կհամագործակցի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA), ինչպես նաեւ միջազգային ավիակարգավորիչների հետ: Հանձնախումբը կզբաղվի MCAS (Maneuvering Characteristics Augmentation System – Մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգ) համակարգի արդիականացման արդյունքների քննարկմամբ, համակարգ, որի աշխատանքում խափանումն, ինչպես ենթադրվում է, հանգեցրեց եթովպիական Boeing 737 MAX 8 հանրանավի կործանմանը:
Ավելի վաղ Boeing ավիաընկերությունը հայտարարել է 737 MAX 8 ինքնաթիռների նորացված ծրագրային ապահովման փորձարկումների հաջող անցկացման մասին: Reutres գործակալության տվյալներով՝ փոփոխությունները մտցվել են MCAS համակարգում: Ընկերությունում ճշտել են, որ առաջիկա շաբաթներին նորացված ծրագրային ապահովումը կտրամադրեն ԴԱՎ-ի փորձագետներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



