Վանա կատուների թիվը տարեցտարի աճում է
Թուրքիայում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը վանա կատուների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Տարեցտարի աճում է վանա կատուների թիվը և այդ կատուները որակապես փոխվում են: Այս մասին հայտնել է «Վանա կատուների ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Աբդուլլահ Քայան: Կենտրոնը հիմնվել է 1987թ. և զբաղվում է հենց այս կատուների բուծմամբ:
Կատվի այս տեսակը տարեկան 3 անգամ ձագ է տալիս:
Քայայի փոխանցմամբ` 2019թ. միայն մարտին ծնված ձագերի թիվը հավասար է 3-4 տարի առաջ 1 տարում ծնված ձագերի թվին:
Ուսումնասիրություների կենտրոնի ղեկավարը նշում է, որ իրենց նպատակն է, որ Թուրքիայում` մասնավորապես Վանում, յուրաքանչյուր տանը լինի մեկ վանա կատու:
Հիշեցնենք, որ վանա կատուներն ընտանի կատուների ցեղատեսակ են, որոնք սերում են Վանա լճի տարածքից: Վանա կատուն բավականին խոշոր է իր չափերով, հայտնի է որպես լավ լողորդ: Վանա կատուն կարողանում է հմտորեն ձուկ որսալ ջրում: Ունի սպիտակաթույր մորթի: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, սաթագույն կամ այլ գույնի: