«Տղա՛ ջան, Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը  հեղափոխությունն է». Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իրեն փաստարկ չի ներկայացվել՝ սահմանադրական փոփոխություն կատարելու վերաբերյալ: Եթե «հեղափոխություն» բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ հեղափոխությունն ինքնին մեծագույն փաստարկ է, պետք է այդ մարդուն խղճաս,  փորձես ամեն կերպ օգնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Տղա՛ ջան, Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը  հեղափոխությունն է: Այն, որ դու ասում ես՝ ես հեղափոխություն եմ արել, դա արդեն ենթադրել է տալիս, որ այն սահմանադրական իրավիճակը, որի դեմ հեղափոխություն ես արել՝ պետք է փոխվի: Հստակ ասված է եղել, որ այս սահմանադրությունը կարվում է Սերժ Սարգսյանի հագով: Մի՞թե դա փաստարկ չէ: Ավելին՝ Սահմանադրության քննարկման ժամանակ եղել է այլընտրանք, որը չի քննարկվել, հանցագործություն է կատարվել, դրա մասին մի՞թե տեղյակ չեք: Փոփոխություններ չկատարելու միայն մեկ հակափաստարկ կա. եթե այն տեղի ունենա՝ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու: Խորհրդարանում ուժերը հարկադրված են լինելու համագործակցել իրար հետ: Մեկ բան էլ կա՝ եթե լինեն սահմանադրական փոփոխություններ, պետք է լինեն նոր ընտրություններ: Վարչապետը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, նախագահ խրտվիլակը չպետք է լինի, քանի որ բոլոր քաղաքացիները նախագահ են»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ մենք դեռևս չունենք արտաքին քաղաքականության ազգային ռազմավարություն:

«1987թ. «Անկախություն» թերթի առաջին համարում ամփոփ գրված է եղել՝ մեր սերնդի գլխավոր առաքելությունն է՝ ցեղասպանության հետևանքների վերացումը: Տրված էր հիմնական բանաձևը, որի  ուղղությամբ պետք է աշխատեին: Չեն արել, բայց այսօր էլ ուշ չէ: Ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է նաև բանակի հարցը: Ամբողջ աշխարհում բանակ նշանակում է՝ գործող բանակ և պահեստազոր. մեզ մոտ  պահեստազորի հարցը կարգավորված չէ: Այս հարցը, ինչպես նաև սկզբում կամավոր հիմունքով 10 ամսով աղջիկներին բանակ զորակոչելը, ՊՆ-ում  քննարկվել է, բայց մնացել է անհետևանք:

Ամենակարևորն էլ ժողովրդավարությունն է. բոլոր հարցերի հիմքում ընկած է ժողովրդավարությունը: Եթե քաղաքացիները երկրի տերն են, երկիրը կունենա ապագա»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս