Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգօստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։
Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։
Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։