Բաժիններ՝

«Փաստաթղթերով մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ «օ քեյ» է, բայց իրականությունն այլ է». Նաիրա Զոհրաբյան

«Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջության խնդիրը տոտալ քաղաքական «քննարկման» առարկա դարձավ, և, ժանրի կանոնին համաձայն, որին ականատես ենք եղել ամիսներ շարունակ,  երեքշաբթի իմ արած հայտարարությունից հետո համացանցում 90 տոկոս ֆեյք և 10 տոկոս իրական օգտատեր սկսեցին ֆեյսբուքյան գրոհ Նաիրա Զոհրաբյանի դեմ»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝անդրադառնալով մարտի 27-ի իր այն հայտարարությանը, որ հեղափոխության օրերին առողջությունը կորցրած Զավեն Գրիգորյանն անտեսված է բոլոր պատկան մարմինների կողմից և այսօր հայտնվել է բարդ իրադրության մեջ, քանի որ կորցրել է առողջությունն ու աշխատանքը։

Նա ասել էր, որ 2018թ. ապրիլին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում Զ. Գրիգորյանը ստացել է առողջական վնասվածքներ և մինչև օրս բուժվում է։

Պատգամավորը նշեց, որ չի հերքում, որ դեպքից անմիջապես հետո ԱԺ նախագահը և այլ գործընկերներ այցելել են Զավեն Գրիգորյանին։

«Իմ հայտարարությունից հետո շատ արագ արձագանքեցին, և այսօր Զավեն Գրիգորյանն այլևս որևէ խնդիր չունի, բայց կխնդրեմ ծանոթանալ նրա փաստաբան Տիգրան Եգորյանի մանրամասն պարզաբանմանը, որն ուղղակի հաստատում է այս ամբիոնից իմ հնչեցրած յուրաքանչյուր բառ։ Եթե փաստաբանն ասում է, որ հիվանդանոցում Զավենից պահանջում են գումար, իսկ նախարարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է, որ նման բան չկա, քանի որ ինքը նման հրաման չի տվել, ստիպված եմ անել հետևյալ արձանագրությունը՝ փաստաթղթերով մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ «օ քեյ» է, բայց իրականությունն այլ է»,- շեշտեց պատգամավորը։

Նա հորդորեց, որ խնդրի հետ կապված իր մտահոգությունները չտեղափոխեն քաղաքական դաշտ, քանի որ, նրա բնորոշմամբ, քննադատության նկատմամբ հանդուրժողականությունը ոչ միայն դաստիարակության և բարեկրթության, այլև քաղաքական հասունության նշան է։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս