Ֆրանսիայի ղեկավարության երեք անդամներ հրաժարվել են իրենց պաշտոններից
Ֆրանսիայի կառավարության միանգամից երեք անդամներ թողնում են իրենց պաշտոններն ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Կառավարությունը լքում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից եվրոպական գործերի նախարար-պատգամավոր Նատալի Լուազոն, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը կից թվային տեխնոլոգիաների հարցերի պետքարտուղար Մունիր Մաժուբին եւ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն, որն աշխատում է վարչապետին կից պետքարտուղարի կարգավիճակով:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Լուազոյի հրաժարումը կապված է «Հառա՜ջ, Հանրապետություն» կուսակցությունից Եվրախորհրդարանի ընտրություններին նրա մասնակցության հետ, որոնք տեղի կունենան մայիսի 26-ին: Իրենց հերթին Գրիվոն եւ Մաժուբին Փարիզի քաղաքագլխի պաշտոնի պոտենցիալ թեկնածուներ են «Հառա՜ջ, Հանրապետություն» կուսակցությունից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: