«Ինչ չափանիշերով ենք որոշում, որ նախորդ իշխանությունների հետ աշխատած այս մարդը պետք է գնա, իսկ մյուսը՝ մնա». Սերոբ Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել էր բուհերը կուսակցականացրած և «ուսանողների առջև դռներ փակած» ռեկտորներին՝ հայտարարելով, թե նման ռեկտորներն անելիքներ չունեն բուհում։

«Մենք պետք է ամեն ինչն այս տրամաբանությունից դուրս բերենք և պետք է հասկանանք, որ չեն կարող իշխող կուսակցությունների (այդ թվում՝ մեր) պատկերացումներն ավելի կարևոր և որոշիչ դառնալ, քան ընդհանուր պրոցեսի բովանդակային կազմակերպումը: Եվ մենք այստեղ էլ պետք է շատ հստակ գնանք առաջ…

Պետք է անպայման նախ ամբողջ կրթական համակարգն ապաքաղաքականացվի, սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգը: Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ` այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բաներ, բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք Նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը չեն կարող շարունակել աշխատել:

«Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենան…»:

Ն. Փաշինյանի այս հայտարությունից մեկ օր անց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, պատասխանել էր. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:

168.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց, որ, եթե վարչապետը բուհերի ռեկտորների հետ կապված հայտարարություն է անում՝ ասելով, որ դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, արդյոք չի՞ նշանակում, որ ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ են կրում։

«Վարչապետի ելույթին ծանոթ չեմ, չգիտեմ՝ նա ինչ կոնտեքստում է նման բան ասել, բայց իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե որևէ մեկը թույլ է տվել ինչ-որ քրեական հանցագործություններ, որոնք հիմնավորվում են, դա կարող է հիմք լինել, որ նա լքի պաշտոնը։ Մյուս հիմքն այն կարող է լինել, որ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացնի, և վերջինը՝ հին մեթոդն է, երբ մարդուն կանչում ու ասում են, թե նրա հետ չեն ցանկանում աշխատել, ուստի պետք է ազատման դիմում գրի։ Առաջին մոտեցումը ԵՊՀ-ում երևի ընթացքի մեջ է, որովհետև խախտումներ են հայտնաբերել, երկրորդ տարբերակը չգործեց, մնում է երրորդը, բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե դրա սկզբունքը ո՞րն է։ Այսինքն՝ ինչ չափանիշերով ենք որոշում, որ նախորդ իշխանությունների հետ աշխատած այս մարդը պետք է գնա, իսկ մյուսը՝ մնա»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս սկզբունքը պետք է հստակեցվի, հակառակ դեպքում այն կարող է հասարակության մեջ պառակտում մտցնել՝ մի մասը դառնա կողմնակից, մյուս մասը՝ հակառակորդ։

«Այսինքն՝ պետք է հստակեցվի, թե  մենք ի՞նչ ձևով ենք ցանկանում կառավարել՝ ժողովրդավարակա՞ն, թե՞ այլ ձևով»,- շեշտեց Ս. Խաչատրյանը։

Ըստ նրա, եթե պարզվի, որ վերևից հրահանգ է տրվել, նշանակում է՝ ԵՊՀ-ում գործընթացները քաղաքական են. «Չպետք է լինի սելեկտիվ մոտեցում»,- եզրափակեց կրթության փորձագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս