«Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, բուհերի ղեկավարությունը չպետք է շարունակեն աշխատել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է ամեն ինչն այս տրամաբանությունից դուրս բերենք և պետք է հասկանանք, որ չեն կարող իշխող կուսակցությունների (այդ թվում՝ մեր) պատկերացումներն ավելի կարևոր և որոշիչ դառնալ, քան ընդհանուր պրոցեսի բովանդակային կազմակերպումը: Եվ մենք այստեղ էլ պետք է շատ հստակ գնանք առաջ… Պետք է անպայման նախ ամբողջ կրթական համակարգն ապաքաղաքականացվի` սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգը: Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա:

Օրինակ` այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բաներ, բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք Նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը չեն կարող շարունակի աշխատել:

«Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենան…»:

Տեսանյութեր

Լրահոս