Վարչապետը չներեց. ԱՆ 2 փոխնախարարներից մեկին փոխարինողի անունը հայտնի է. նա «քասթինգ» է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
Նշենք, որ շաբաթներ առաջ մենք գրել էինք նշված պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկության մասին, ըստ տեղեկությունների՝ նրանք չէին կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի առիթով էլ կառավարության ղեկավարը որոշել էր նրանց հեռացնել զբաղեցրած պաշտոնից։
Չնայած մեկնելուց առաջ նրանք թույլտվություն էին ստացել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, ով ասել էր՝ մեկնեք, եւ երբ փոխնախարարները հայտնվել էին թիրախում, ձեռք էր քաշել իր ենթականերից։
Մենք նաեւ գրել ենք, որ արդարադատության փոխնախարար է նշանակվելու իշխանական «քասթինգն» անցած թեկնածուներից մեկը։ Երեկ տեղեկացանք, որ հավանական թեկնածուն 28-ամյա Տիգրան Խաչիկյանն է՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Բժշկական համալսարանում իրավաբան է աշխատում, դասախոսում է նաեւ ԵՊՀ-ում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: