Եթե 10 օրը դառնա 20-25 օր, բոլոր մեքենանները դուրս կբերվեն մաքսային տարածքից. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ
2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելու արգելքն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ձեռք են բերվել մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորել է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին (ներմուծողներին)՝ կատարել դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները և դուրս բերել այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից, քանի որ դրանք խոչընդոտում են մաքսային կետի բնականոն գործունեությանը:
Ավելին՝ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից մինչև ս/թ մարտի 29-ը ինքնակամ դուրս չբերելու դեպքում, դրանք տեղափոխվելու են մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածք և դիտարկվելու են՝ որպես մաքսային կետի տարածքում ժամանակավոր պահպանության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներ:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար գանձվում է մաքսավճար:
168.am-ի հետ զրույցում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը անդրադառնալով ՊԵԿ հայտարարությանը՝ ասաց.
«Մեքենաները մաքսակետի տարածքից հանել հնարավոր է, սակայն դրանից հետո պետք է այդ մեքենաները տանենք, մաքսազերծենք, բայց այդ ժամանակը չունենք: Մինչև մարտի 29-ն ընկած ժամանակահատվածը բավարար չէ: Թղթերը երբ ձևակերպում ենք, մեզ ասում են՝ 10 օրվա ընթացքում անպայման մաքսազերծեք մեքենաները: Եթե 10 օրը դառնա 20-25 օր, բոլոր մեքենանները դուրս կբերվեն մաքսային տարածքից:
Ավելին՝ հիմա չեն գրանցում, Կառավարությունում ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել: Նախկին կառավարության որոշմամբ՝ 2018թ. ապրիլի 1-ից հետո ներմուծված աջ ղեկով մեքենաները դիտարկվում են՝ որպես տեխնիկապես անսարքություն ունեցող: Հիմա այս որոշման պատճառով մեքենաները ճանապարհային ոստիկանությունում չեն գրանցում: Կառավարության նիստ պետք է լինի, որ այդ որոշումը փոխեն կամ չեղյալ համարեն, որպեսզի հնարավորություն ստանանք այդ մեքենաները գրանցել»:
Անի Կարապետյան