Նոր Զելանդիայի ահաբեկչության հեղինակը երկու անգամ այցելել է Թուրքիա
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած անձը 2016 թվականին երկու անգամ այցելել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնելով, որ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ում հետ է նա կապ ունեցել այդ երկրում:
«Նոր Զելանդիայում ահաբեկչություն իրականացրած անձը երկու անգամ եղել է Թուրքիայում: Առաջին անգամ նա այստեղ մնացել է 3, իսկ երկրորդ անգամ՝ 40 օր: Հետաքննություն է տարվում՝ պարզելու Թուրքիայում նրա կապերը: Սակայն մենք ցանկանում ենք, որ Նոր Զելանդիան նրան պատասխանատվության ենթարկի, և նա մնա կալանքի տակ: Սա զանգվածային սպանություն է, և հանցագործը պետք է պատժվի»,- ասել է Էրդողանը:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:
Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը: Վիրավորներից 12-ը, այդ թվում և երեխաներ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:
Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել: