Բաժիններ՝

«Կահույքը փչացել է, սենյակները բորբոսնել, դարձել են «Ռոկֆոր»». Խաչիկ Դաշտենցի փողոցի բնակիչները վրդովված են

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խումբը շարունակում է ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ձևավորված հաշվետվությունները։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ Դավիթ Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակա ասաց, որ իրենք վերցրել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2017թ. հաշվետվությունները, նկատել են ակնհայտ շեղումներ և մեծ տարբերություններ:

«Տարեկան հաշվետվության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված հաշվետվությունների միջև ԱՀ պարունակող հասույթի մասով առկա է ավելի քան 600 միլիոն դրամի շեղում: Հսկայական շեղում կա բաժանորդների կողմից կատարված վճարումների մասով: 1.2 միլիարդ դրամի տարբերություն կա երկու հաշվետվությունների միջև: Եթե վերցնենք աուդիտի հաշվետվությունը, ապա հասույթը ամրագրված է 17 միլիարդ 140 միլիոն դրամ, ու ենթադրենք, որ ամբողջ հանրապետության ջրսպառողները ավելացված արժեքի հարկ վճարող են հանդիսանում, անգամ այդ դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկի դրույքաչափը կիրառելու պայմաններում նորից ստանում ենք 300 միլիոնի շեղում՝ այն ինֆորմացիայի համեմատ, որ հրապարակված է հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում: Այս մասով մեր դիտողությունները մանրամասն ներկայացրել ենք և ուղարկել Կառավարություն, Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողով, Ջրային կոմիտե: Աբսուրդ թվաբանություն է դուրս գալիս, վաճառված ջրաքանակը, որից որ ձևավորվում է հասույթը, մի հաշվետվության մեջ ֆիքսված է 119միլիոն խմ, մեկ այլ հաշվետվության մեջ՝ 121 միլիոն խմ: 3 միլիոն խմ-ի տարբերություն կա, ու դա եթե բազմապատկում ենք սակագնով՝ 180 դրամով, մոտավորապես 540 միլիոնի տարբերություն է տալիս»,- ասաց Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ նաև ֆինանսական չարաշահման ռիսկ պարունակող հաշվառման մեթոդաբանության են բախվել, որի մասին գրություն ուղարկվել է Կառավարություն:

«2016թվականին, երբ ՀՀ-ում գործում էին 5 օպերատորներ, ապա սպասարկման տարածքների ջրամատակարարման ծառայությունների մատուցման իրավասությունը վերապահվեց «Վեոլիա Ջուր»-ին: Կազմակերպություններն իրականացրել էին քաղաքացիների բաժանորդների ջրաչափերի տվյալների ամրագրում: Վարձակալության պայմանագիրն ասում է, որ, եթե նախկին օպերատորը նկարել է ջրաչափը, արձանագրել ցուցմունքը, սպառումը, այդ շրջանակներում պետք է վերահաշվարկ լինի, բայց «Վեոլիա Ջուր»-ը անհասկանալի պարտք է ամրագրում բաժանորդի վրա, պարտադրում կատարել կրկնակի վճարում, կոնկրետ մի դեպքում 5100 դրամի խնդիր է առաջացել»,- մանրամասնեց Դավիթ Գասպարյանը:

168.am-ի հարցին՝ այս ամենին ինչպե՞ս են արձագանքել համապատասխան մարմինները, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.

«500-ից ավելի դիմումներ ենք ուղարկել Հանրային ծառայությունը կարգավորղ հանձնաժողովին: Պատասխանել են, թե Դավիթ Գասպարյան քաղաքացին իրավունք չունի բարձրաձայնել որևէ այլ քաղաքացու խնդիրների մասին: Ձեր ֆեյսբուքյան նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն չէ, մենք հրաժարվում ենք պատասխանել: Մեկ բան էլ կա՝ մենք քաղաքացիների տվյալներն ենք փոխանցել «Վեոլիա Ջուր»-ին ու Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին: Որպես պետական կարգավորող մարմին ու ջրամատակար՝ որևէ անհանգստություն չստացա՞ն, որ 500 քաղաքացի բողոք է ներկայացրել»:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ ասաց, որ իրենց 30-ից ավելի քաղաքացիներ են դիմել կոնկրետ մի փաստով՝ ապօրինաբար տուգանքի են ենթարկվել «Վեոլիա Ջուր»-ի կողմից:

«Քաղաքացիների իրավագիտակցության պակասն օգտագործելով՝ կամայական որոշում են ընդունել 40-50.000-ով տուգանելով քաղաքացիներին: Դիմեցինք Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին՝ 2018 մայիսի 23-ին 5 միլիոնով տուգանեցին ու որոշման մեջ արձանագրեցին՝ տուգանքներն անվավեր ճանաչել ու այն վերադարձնել: Անցավ երկու ամիս, ու հետ չվերադարձվեցին: Սպասում էինք, որ հանձնաժողովը կտուգանի որոշումը չկատարելու համար, բայց այդպես չեղավ: Դիմեցինք՝ պատասխանեցին, որ հիմք չունեն երկրորդ անգամ տուգանել: Կարելի է ասել՝ իրավական ապօրինություն: Պետական մարմինը տեր չի կանգնում իր որոշումներին, տնտեսվարողն էլ օգտագործելով մենաշնորհային դիրքը՝ մտքին ինչ փչեց՝ անում է»,- նշեց Խաչատուր Մարոզյանը:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահն անդրադարձավ ևս մեկ կարևոր խնդրի.

«Տարիներ շարունակ Խաչիկ Դաշտենցի փողոցի մոտ 25 սեփական տները գտնվել են ջրի մեջ: Պետական մարմինները եկան, լաբորատորիայից նույնպես, հաղորդագրություն ուղարկվեց Դատախազություն՝ ընդգծելով, որ քաղաքացիների գույքին խոշոր չափերով վնաս է հասցվել: Հիմա հարուցվել է քրեական գործ, տուժած պետք է ճանաչվեն բոլոր բնակիչները: Ուղղակի հոկտեմբերից հարուցված քրեական գործը ոչ հետ է գնում, ոչ՝ առաջ, չգիտենք, թե ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ու մարդիկ տուժող չեն ճանաչվում»:

Ասուլիսին ներկա էին նաև Խաչիկ Դաշտենցի փողոցի բնակիչները, ովքեր հայտնեցին, որ այլևս չգիտեն՝ ինչ անել:

«Մեր ձայնը ոչ ոք չի լսում, եթե այս տեմպերով շարունակվի՝ կարող է փողոցում մնանք: Ջուրն ամբողջությամբ նկուղ է լցվել: Մոտ 1-2 տարի է՝ այս խնդրի մասին բարձրաձայնել ենք: Լաբոտորիայից փորձագետներ եկան, ջուրը վերցրեցին, ստուգեցին, պարզվեց, որ խմելու ջուր է: Կահույքը փչացել է, սենյակները բորբոսնել, դարձել են «Ռոկֆոր»: Հին խողովակները անպիտան են, պետք է դրանք փոխեն»,- ասացին բնակիչները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս