Բաժիններ՝

Վերջին երկու շաբաթում պակիստանյան չորրորդ անօդաչուն է խփվել Հնդկաստանի երկնքում. NDTV

Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարք է մարտի 10-ի երեկոյան խփվել Հնդկաստանի Ռաջասթան հյուսիսարեւմտյան նահանգի երկնքում: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Դա պակիստանյան արդեն չորրորդ անօդաչուն է, որը Հնդկաստանի տարածքի վրա խոցվել է փետրվարի 26-ից ի վեր, երբ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Պակիստանի Բալակոտ քաղաքի մերծակայքում հարված հասցրեցին զինյալների ճամբարին: Անօդաչուն խոցվել է Գանգանահարի շրջանում: Սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքի տանիքի վրա:

«Մենք տեղեկատվություն ենք ստացել, որ անօդաչուի առանձին մասեր ընկել են շենքի տանիքի վրա:

Առայժմ որեւէ տուժածի մասին չի հաղորդվում»,- հեռուստաալիքը մեջբերել է ոստիկանության տեղի սպայի խոսքը: Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում:

Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ:

Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս