Դևիդ Հոքնիի վրձնի դիմանկարը աճուրդում վաճառել են 49,4 մլն դոլարով
Բրիտանացի նկարիչ Դեւիդ Հոքնիի «Հենրի Հելդցալերը եւ Քրիստոֆեր Սքոթը» կտավը մարտի 7-ին Լոնդոնում Christie՚s-ի «Հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստը» աճուրդում վաճառվել է 37,6 մլն ֆունտ ստեռլինգով (49,4 մլն դոլար): Այդ մասին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին:
Փորձագետները նախապես ստեղծագործությունը գնահատել էին ավելի քան 30 մլն ֆունտ (մոտավորապես 37,7 մլն դոլար): Նկարը աճուրդի էր դրվել Բառնի Էբսուորթի հավաքածուից: Հոքնին այն ստեղծել է 1969 թվականին: Անգլիացի նկարիչ, գծանկարիչ եւ լուսանկարիչ Դեւիդ Հոքնին համարվում է փոփ-արտ ուղղության արդի առավել նշանավոր ներկայացուցիչներից մեկը:
Անցյալ տարի նրա «Նկարչի դիմանկար («Ավազան՝ երկու ֆիգուրով») նկարը Նյու Յորքում Christie՚s-ի աճուրդում վաճառել են 90,3 մլն դոլարով, ինչը համաշխարհային ռեկորդ է դարձել կերպարվեստի այն ստեղծագործությունների վաճառքների պատմության մեջ, որոնք ստեղծվել են ներկայում ապրող նկարիչների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: