«Բրավո իրենց, որ նշանակված լինելով Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից՝ չեն թելել այս թելը»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ այդ հարցին չի անդրադարձել անգամ Ֆեյսբուքում՝  հասկանալով, որ իր նախնական ակտիվությունը կարող էր օգտագործվել անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ։

«Այս փուլում կարող եմ ասել, որ, անկախ հետագա զարգացումներից՝ ԵՊՀ-ն հաղթել է, Արամ Սիմոնյանը չէ՝ ԵՊՀ-ն։ Քանի որ Արամ Սիմոնյանի կողքին էին նաև մարդիկ, որոնք նրան ժամանակին ավելի շատ էին քննադատում, քան իշխանություններն այսօր։ Այն իշխանությունը, որը խոստանում է ապաքաղաքական կրթական համակարգ, հետո ուզում է փոխել ռեկտորին, որը իր համաձայնությունը չի տալիս, հանկարծ «Ալադինի լամպից» դուրս են գալիս իրավապահները, Պետական վերահսկողության ծառայությունը, ու Արամ Սիմոնյանի վրա սկսում են ծավալվել գործընթացներ։ Հանկարծ ինքնուրույն կառավարման խորհուրդն այս հարցով հրավիրում է նիստ, պարզվում է՝ նախարարի «տակ» բան չկա, ուղղակի ամեն ինչ «համընկել» է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ այս ամենով հանդերձ՝ ԵՊՀ-ն ցույց տվեց, որ մնում է իր բացառիկ դերակատարության մեջ, քանի որ որոշման օգտին չեն քվեարկել նույնիսկ կառավարության կողմից նշանակված մարդիկ.

«Բրավո իրենց, որ նշանակված լինելով Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից՝ չեն թելել այս թելը։ Այստեղ խնդիրը բացարձակ Արամ Սիմոնյանի մեջ չէ։ Այս գործընթացներում քաղաքականություն ես էլ եմ տեսնում։ Նախարարի հիմնավորումը, թե՝ տեսեք, իմ կողքին դեռ ՀՀԿ-ականներ կան, պարզապես ընդգծում է այն հանգամանքը, որ այս գործընթացը քաղաքական է»,- շեշտեց Ա. Աշոտյանը։

Նա նաև հավելեց, որ Կառավարության մեկ տարվա գործունեության մեջ դեպի լավը փոխվել է միայն Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կյանքը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս