Բաժիններ՝

Տնտեսական քաղաքականության որոշ առաջնահերթություններ

Ո՞րն է Հայաստանի Հանրապետության հաջողության բանալին

Աշխարհի ավելի քան 120 զարգացող երկրների որոշ մասը հաջողությունների է հասել տարբեր եղանակներով, միջոցներով, ուղիներով… Որոշ երկրներ այն նվաճել են աշխարհագրական բարենպաստ դիրքի, ծովային սահմաններին, զարգացած քաղաքակրթություններին մոտ գտնվելու (Մերձբալթյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ), հանքահումքային հարուստ պաշարների (նավթային երկրներ), էժան, որակյալ աշխատուժի, գրավիչ ներդրումային միջավայրի (նոր արդյունաբերական երկրներ) և այլ գործոնների շնորհիվ: 

Որո՞նք են  Հայաստանի՝ հաջողության հասնելու հնարավորությունները

Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում արտադրողականության տարեկան միջին աճի տեմպը կազմել է 6%, նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճել է ընդամենը տարեկան 3.5%-ով, ինչի արդյունքում զբաղվածության մակարդակը տարեկան նվազել է 2.2%-ով։ Հաշվարկված է, որ առնվազն 7% տնտեսական աճի դեպքում է միայն հնարավոր նվազեցնել գործազրկությունը Հայաստանում: Այն մինչև բնական մակարդակ նվազեցնելու համար անհրաժեշտ կլինի 5 տարվա ընթացքում առնվազն 9% տարեկան տնտեսական աճ ապահովել:
Ցանկացած երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին՝ կլինի հեղափոխություն, թե իշխանափոխություն, հետևում է «արգասաբեր» կամ «հեղափոխական» տնտեսական ծրագիրը, ինչը, անշուշտ, ուրվագծում է տնտեսության առողջացման և տրանսֆորմացիայի գործընթացը։

Արդյո՞ք ներկայումս ՀՀ տնտեսությունը գտնվում է վերոնշյալ՝ առողջացման և տրանսֆորմացիայի գործընթացում, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Սակայն արդեն կորուստները կլինեն անհաշվելի: Ինչո՞ւ…. մի քիչ արծարծված թեմա է, բայց փաստ է այն, որ արդեն Ազգային ժողովի ոչ այնքան գործնական և կառուցողական քննարկումներից հետո Կառավարության ընդունած ծրագրում բացակայում են՝

  • մեխանիզմները,
  • կոնկրետ ժամկետները,
  • հնարավոր ուղենիշ ցուցանիշները,
  • ծրագրի իրականացման ռեսուրսները:

Մինչդեռ Կառավարության ծրագրում անչափ շատ են խոստումները, մասնավորապես թռիչքաձև տնտեսական աճը կարելի է ապահովել ընդամենը 5% տնտեսական աճով, որը ոչ մի կերպ չի համապատասխանում «թռիչքաձև»-ի ընկալման միջա­­­­­­զգային փորձին։  ­­­­­­­­­­

Ծրագրում մի քանի անգամ նշվում է ներդրումային գրավչությունը բարձրացնելու՝ Կառավարության նպատակների մասին, մասնավորապես՝ «Հարկային համակարգ» բաժնում երկու անգամ կատարվում է անդրադարձ նշյալ խնդրին, սակայն այդպես էլ չեն նշվում գործուն և կոնկրետ քայլեր: Այստեղ խնդիրն այն է, որ նախ ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է կայունություն, կայունություն՝ քաղաքական հարթակում, տնտեսությունում, իսկ ամենակարևորն այն է, որ բացառապես կայուն հարկային օրենսդրության պայմաններում է միայն հնարավոր ներգրավել ներդրողներին, որը, ցավոք, Հայաստանում փոփոխվում է «օրը մեջ». ներդրողները «հիմար» չեն և գնահատելով ռիսկերը՝ խուսափում են ՀՀ-ում ներդրումներ կատարել, չնայած նրան, որ ՀՀ-ում հայտարարվում է աներևակայելի ներդրումային աճ:

Գործնականում դա մեթոդաբանության խնդիր է, ինչը մասնագետները ներկայացրեցին, և գնահատականն այնպիսին է, որ իրականում, իրոք, ներդրումներն աճի միտում չեն ցուցաբերել: Հույս ունենանք, որ ռեգրեսի ականատես չենք լինի, չնայած նման մտավախություններ կան:

Ներդրումներին նպաստող առաջնային և հրատապ խնդիրներից ենք համարում Հարկային օրենսգրքի հնարավորինս արագ լրամշակումն ու հաստատումը, նաև կարճ ժամկետներում վերանայել 1990-ականներին կատարված սեփականաշնորհման գործընթացները՝ պարապուրդի մատնված գյուղատնտեսական նշանակության հողերը, չօգտագործվող անշարժ գույքը՝ գրեթե «փոշիացած» արդյունաբերական ձեռնարկությունները գործուն դաշտ վերադարձնելու պայմանով:

Այս հարցադրումների տիրույթում կարևորում ենք նաև ֆինանսական ռեսուրսների առկայության և «հայթայթման» հարցը: Ինչպե՞ս է ձևավորվում ՀՀ պետական  բյուջեն՝ իհարկե հարկերից. բյուջեի մոտ 93.6%-ը ձևավորվում են հարկեր և տուրքերից, մնացած մոտ 6.4%-ը կազմում են դրամաշնորհները և այլ եկամուտները: Կառավարության ծրագրում նախատեսվում է ուղղակի հարկերից եկամտային հարկը սահմանել 23%, բոլորի համար, նախկին՝ 23%-ի, 28%-ի, 36%-ի փոխարեն, այսինքն բյուջեում նախատեսվում է կրճատել ուղղակի հարկերը, դրանք համահարթել:

Նախատեսվում է նաև կրճատել շահութահարկը, և հարկային եկամուտներն ավելացնել անուղղակի հարկերի միջոցով, օրինակ ակցիզային հարկը. սիգարետն արդեն թանկացել Է: Սա որևէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու՝ Կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ, մինչդեռ հայրենական արտադրության համար պետք է սահմանել արտոնյալ պայմաններ: Նոր հարկային օրենսդրությանը համապատասխան՝  բնակչության, սովորական քաղաքացու վրա է բյուջեի եկամուտների ծանր բեռը: Այս տրամաբանությամբ հաջողության հասնելը դժվար է:

Իսկ ովքե՞ր են հիմնական հարկ վճարողները գործարար դաշտում: ՊԵԿ-ը հրապարակեց 1.000 խոշոր հարկատուների ցանկը: ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարում  խոշոր հարկատու են դեռևս հանքարդյունաբերութան, թեթև սննդի արդյունաբերության ոլորտները, նաև գազ, բենզին ներմուծողները:

Մասամբ ակտիվ է նաև ֆինանսական ոլորտը. 12 առևտրային բանկեր նույնպես ակտիվ են խոշոր հարկատուների ցանկում: Ազգային արտադրողներից միայն «Գրանդ Հոլդինգն» է, որն այս տարի առաջին տեղում է, վճարել է մոտ  69 մլրդ դրամ, ավելի ստույգ՝ «Գրանդ Տոբակոն»՝ 42.222 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 38.982 մլրդ դրամ, երրորդը՝ Գազպրոմը՝ 38.982 մլրդ դրամ:

Համաշխարհային շուկայում առավել բարձր հարկեր վճարում են թեթև և սննդի արդյունաբերության ոլորտների ձեռնարկությունները: Ինչ վերաբերում է աշխատանքի բարձր արտադրողականությամբ ֆիրմաներին, հատկապես տեղեկատվական և հաղորդակցական ոլորտի ձեռնարկություններին, ինչո՞ւ չէ, ծառայությունների ոլորտին՝ խորհրդատվություն, զբոսաշրջություն, ինժինիրինգային ծառայություններ մատուցող կազմակերպություններին և այլն, դրանք հետագայում նույնպես բարձր հարկեր վճարողներ են, եթե ունեն պետության ուղղակի և անուղղակի աջակցությունը: 

Ինչպե՞ս ստեղծել բարձր արտադրողական ոլորտ ՀՀ-ում

ՀՀ-ում տնտեսական աճը հնարավոր է ապահովել գիտատար, վերամշակող արդյունաբերության զարգացման ճանապարհով, նաև այն ծառայությունների, որոնք պահանջարկ ունեն միջազգային շուկայում: Այսօրվա 5.2% տնտեսական աճի 5.1%-ն ապահովվել է ծառայությունների (խաղեր, բուքմեյքերական գրասենյակներ և այլ նմանատիպ ծառայություններ) և մանրածախ առևտրի հաշվին, մնացած 0.1%-ն ապահովվել է  մյուս բոլոր ոլորտների ներգրավվածության հաշվին: Չենք խոսում գյուղատնտեսության ոլորտի հետընթացի մասին…

ՀՀ տնտեսության համար կատարյալ և իրոք հեղափոխական կլինի, եթե ՀՀ-ը սպառողական նշանակության պատրաստի արտադրանք ու կիսաֆաբրիկատներ ներկրող երկրից անցում կատարի սեփական հումքը մշակող, վերամշակող և պատրաստի արտադրանքն արտահանող երկրի (նախ և առաջ ապահովելով ներքին շուկայի պահանջարկը): Այստեղ արդեն բացթողումները շատ են:

Կարելի է ասել, որ սննդամթերքի արտադրությունը քիչ թե շատ բարվոք վիճակում է,  եթե, իհարկե, բացառենք այն վնասները, որոնք կրում են սպառողները և շրջակա միջավայրը՝ նշյալ ոլորտի գործունեության պատճառով: Հավելենք նաև, որ բարվոք է համարվում  խմիչքների և ծխախոտի արտադրությունը: ՀՀ-ում ծայրահեղ վատ վիճակում են գտնվում և Կառավարության ծրագրում ուշադրության չեն արժանացել թեթև արդյունաբերության այնպիսի ոլորտներ, որոնցով հայտնի էր Խորհրդային Հայաստանը՝ կոշիկի արտադրությունը, կաշեգործությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնք ունեն զգալի ներուժ՝ առաջ մղելու ՀՀ տնտեսությունը: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում. մենք ներմուծում ենք կտորեղեն և թելեր, արտահանում ենք մորթված կենդանիների անմշակ կամ կիսամշակ կաշին, ներմուծում ենք բեռնափոխադրումներից, ԱԱՀ-ից, մաքսատուրքից և այլ վճարներից մի քանի տասնյակ անգամ «թանկացած», սակայն մշակված կաշի կամ այլ արտադրանք: 

Ո՞րն է մեր հաջողության բանալին

  • Տեքստիլ արդյունաբերության մեջ թելերի ներկրումից անցում կատարել բամբակի արտադրության՝ մշակում, (որն իր հետ կբերի մարդկանց զբաղվածության աստիճանի ավելացում գյուղատնտեսության ոլորտում) վերամշակում, թելերի արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն՝ հագուստի արտադրություն՝ իր ամբողջ տեսականիով: Որպես տողատակ պատկերացրեք նաև աշխատատեղերի ստեղծում և ոչ միայն:
  • Կաշվի արտադրության մեջ հումք արտահանող երկրից անցում կատարել կաշիների մշակման, որից հնարավոր է այնպիսի բարիքներ ստանալ, ինչպիսիք են՝ պայուսակ, կաշվե հագուստեղեն, կահույք, զարդարանքներ և իհարկե զարգացնել կոշիկի արտադրությունը: Եթե տարեկան 2 անգամ 2 մլն մարդ կարողանա կրել ՀՀ-ում արտադրված բարձրորակ և մեծամասնության գրպանին համապատասխան կոշիկ, ապա դա արդեն մարտահրավեր է տարածաշրջանի երկրներին:

Սրանք տնտեսության աճի վրա ազդող ոլորտներ են, և իմ խորին համոզմամբ՝ «զենքեր» են, որոնք մենք չենք օգտագործում:

Չմոռանանք և գոնե մեզ համար ընդունենք այն փաստը, որ արտաքին քաղաքականության և տնտեսության ներկա պայմաններում, երբ Հայաստանը շրջապատված է չորս կողմից և ունի արտաքին շուկաներ դուրս գալու սահմանափակ հնարավորություններ, ՀՀ-ը պարզապես դատապարտված է երկրի տնտեսական զարգացումն ապահովել գերազանցապես գիտատար, վերամշակող արդյունաբերության, տեղեկատվական և հաղորդակցական ոլորտի զարգացման միջոցով, որն արդեն աննախադեպ հաջողություններ է գրանցում: Որքան էլ փորձենք զարգացնել զբոսաշրջությունը, որը, իհարկե, շատ լավ է, սակայն այս ոլորտը չի գեներացնում մեր ազգային մրցակցային առավելությունները:

Ավելին, դեռ չենք կարողանում մեր հարևանների նման զբոսաշրջային ծառայություններ մատուցել: ՀՀ-ում պետք է փոխել գրեթե բոլոր զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտեցումները, սկսած ներքին ահռելի խնդիրներից մինչև արտաքին շուկաների մարքեթինգ: Մի դեպք, որը պատահեց ուղիղ երկու օր առաջ: Ռուսաստանից գործընկերների էինք հրավիրել, որոնց հետ մի քանի օր համատեղ գործնական միջավայրում անցկացնելուց հետո (այն համեմված էր Հայաստանի պատմության ու խոհանոցի մասին ծանոթություններով) այսպիսի մի խոսակցություն ծավալվեց. վերջին օրը՝ ճաշի ժամին, գործընկերներից մեկը, ով հիացած էր մեր հյուրընկալությունից և հյուրասիրությունից, մի քիչ սրտնեղած ասաց. «Ի՞նչ ափսոս է, որ այս երկրի մասին շատ քչերը գիտեն: Ես անցած տարի իմացա լրիվ պատահականորեն: Ինչ-որ ցուցահանդես էի այցելել և Ծաղկաձորը ներկայացնող պատվիրակություն կար, իրենցից էլ տեղեկացա ձեր երկրի մասին: Որոշեցի ամառային արձակուրդներն ընտանիքիս հետ անցկացնել Հայաստանում, բայց երբ հետաքրքրվեցինք ինքնաթիռի տոմսերի արժեքներով, որոշեցինք մեկնել Հռոմ»:

Սա էլ զբոսաշրջության թեմայով: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումում:

Անգելինա Ֆլորա Պետրոսյան

Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս