Գինու թերապիա։ 5 պատճառ, թե ինչու գինի ոչ միայն կարելի է, այլև պետք է խմել
Խմե՞լ, թե՞չխմել։ Մի կողմից՝ գինին թեպետև աստվածային խմիչք է, բայց միևնույն է, ալկոհոլ է, իսկ ալկոհոլը վնասակար է։ Մյուս կողմից՝ ֆրանսիացիներն ամեն օր 1-2 գավաթ գինի են ըմպում ու իրենց գերազանց են զգում, և բացի դրանից էլ՝ ինֆարկտից էլ քիչ են մահանում։
Եվ ուրեմն ո՞րն է ճշմարտությունը. գինին օգտակա՞ր է, թե՞ վնասակար։
Բժիշկներն ու գիտնականները միասնական կարծիքի այդպես էլ չեն հանգել, սակայն հետազոտություններ անց են կացրել ու փաստեր հրապարակել այն մասին, որ լավ գինին քիչ չափաբաժիններով օգտակար է։ Իհարկե, այստեղ կարևորը չափի զգացումն է։
Գինին բացառիկ բաղադրություն ունի, որի բաղադրամասերն օրգանիզմի վրա դրական ազդեցություն են գործում։
Էթիլային սպիրտ։
Չոր գինու մեջ պարունակվող էթիլային սպիրտը թեթև ալկոհոլ է։ Համապատասխանաբար՝ տղամարդկանց համար՝ 250, և կանանց համար՝ օրական 125 գրամ գինին կնվազեցնեն սթրեսի հետևանքները, անոթները կպաշտպանեն աթերոսկլերոտիկ խցանումներից, իսկ օրգանիզմը՝ վնասակար ճառագայթումների ազդեցությունից։
Միկրոէլեմենտներ։
Պարունակում է կալիում, մագնեզիում, նատրիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ և կենսաքիմիական պրոցեսների ճիշտ ընթացքի համար անհրաժեշտ այլ նյութեր։ Իսկ դրա բաղադրության մեջ եղած յոդն ու ֆտորն օգտակար են վահանաձև գեղձի ու ատամի էմալի համար։
Ի դեպ, որքան հին է գինին, այնքան հանքանյութերի քանակը պակաս է նրա մեջ, քանզի դրանք գինու քարի տեսքով ընկնում են նստվածքի մեջ։
Վիտամիններ։
A, C, B խմբի վիտամինները, ինչպես նաև P վիտամինի էական քանակությունը կարգավորում են նյութափոխանակությունը ու նպաստում են օրգանների ու համակարգերի նորմալ աշխատանքին։ Ի տարբերություն հանքանյութերի՝ գինու տարիքի ավելացմանը զուգահեռ՝ ավելանում է նրա մեջ եղած վիտամինների քանակը։
Կենսաբանորեն ակտիվ նյութեր։
Բիոֆլավոնոիդները՝ կատեխիններ, անտոցիաններ, տանիններ, ռեսվերատրոլ, գինուն տալիս են գույն, յուրահատուկ համ ու անոթների պատերն ամրացնելու, թրոմբների ձևավորմանը խոչընդոտելու, արյան ճնշումն իջեցնելու ու քաղցկեղային բջիջների աճն արգելակելու ունակություն։ Բացի դրանից, բիոֆլավոնոիդներն արգելափակում են բջիջները վնասող ու ծերությունն արագացնող ազատ ռադիկալները, իսկ որոշ տվյալներով՝ ունակ են ճնշել հերպեսի վիրուսի բազմացումը։ Ի դեպ, կարմիր գինու մեջ բիոֆլավոնոիդները 20 անգամ ավելի շատ են, քան սպիտակ գինու մեջ։
Օրգանական թթուներ
Գինու, խնձորի, կիտրոնի ու այլ թթուների շնորհիվ գինին համ է ստանում, ինչպես նաև բակտերիցիդային ու հակամիկրոբային հատկություններ։
Որպես վերջաբան՝
Գինեբուժությունը կամ էնոթերապիան տուրք չէ նորաձևությանը։ Նախկինում գինի տալիս էին վիրավորներին ու հյուծվածներին, գինով մշակում էին վերքերը, բուժում ինֆեկցիաներն ու թունավոր օձերի կծածը։ Իսկ 2 դար առաջ հիվանդանոցներում գինի նշանակում էին բժիշկները. սպիտակ գինին՝ սրտային հիվանդներին, կարմիր դառը գինին՝ ստամոքսի խանգարում ունեցողներին, իսկ կարմիր քաղցրը՝ սակավարյունության դեպքում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը