Մահացել է «Կազինո» ֆիլմի և «Սոպրանո կլանը» սերիալի դերասան Վիննի Վելլան
72 տարեկան հասակում վախճանվել է «Կազինո» ֆիլմում եւ «Սոպրանո կլանը» սերիալում խաղացած իր դերերով հայտնի ամերիկացի դերասան Վիննի Վելլան: Այդ մասին հայտնել է USA Today հրատարակությունը:
«Մենք վշտացած ենք Վիննի Վելլայի մահվան լուրից, եւ ես վստահ եմ, որ ոչ ոք դրանից ավելի շատ չի վշտացել, քան նա ինքը: Վիննին սիրում էր կյանքը, ընտանիքը, ընկերներին, երկրպագուներին: Անվիճելի է, որ նա ամենազվարճալի եւ ամենահմայիչ դերասաններից մեկն էր, որոնք իրենցով երբեւիցե զարդարել են էկրանը»,-հրատարակությունը մեջբերում է փետրվարի 20-ին Facebook-ում դերասանի էջում հրապարակված հայտարարությունը:
Դերասանի որդին՝ Վիննի-կրտսերը, հրատարակությանը հաստատել է հոր մահվան մասին տեղեկատվությունը: Նշվում է, որ դերասանը տառապում էր լյարդի քաղցկեղից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: