Դովեղն Ադրբեջանին սահմանակից է 19 կմ երկարությամբ: Ադրբեջանական դիրքերի եւ Դովեղի միջեւ հեռավորությունը 2 կմ է: Եվ մինչ Երեւանի կենտրոնում մեր պաշտոնյաները եւ օլիգարխները շրջում են թիկնապահներով, այս 90 երեխան ողջ տարին գնում են դպրոց` ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ: Միայն չարակամները կարող են ասել, որ երկրի իշխանությունները Հայաստանը` առհասարակ, սահմանամերձ գյուղերը` հատկապես, անտերության են մատնել: Բազմաթիվ որոշումներ, օրենսդրական նախաձեռնություններ ու փաթեթներ կան: Գյուղացիներն անգամ գլխի չեն ընկնում` իրենցով զբաղվող քանի հիմնադրամ ու միջազգային ֆինանսական կազմակերպություն կա` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԻՖԱԴ):
Գյուղացին եւ նրա հոգսերը իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Հենց երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարն աշխատանքային այցով եղել է Տավուշում: Նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Իջեւանի գրադարանի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 53 միլիոն դրամ, «աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 30 միլիոնը»: Ինչ խոսք, հնարավոր չէ բացառել, որ Իջեւան քաղաքից արտագաղթողների մի մասը հեռացել է հատկապես այն պատճառով, որ քաղաքի գրադարանը նորոգ չի եղել: Եվ այս ձեռնարկն առիթ կլինի շատ իջեւանցիների համար` վերանայել հայրենիքից անվերադարձ գնալու որոշումը:
ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից նախատեսված է գազիֆիկացնել Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Ջուջեւան համայնքները: Կոթին, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բաղանիսը, Բարեկամավանը սահմանամերձ գյուղեր են, ուր վերջին անգամ գազ ունեցել են 1983-84 թվականներին: Սահմանամերձ այս գյուղերը 21-րդ դար են մտել` առանց գազիֆիկացման: Գյուղացիներն իրենց կենցաղը կարգավորել են այնպես, որ գազի անհրաժեշտությունը գրեթե չի զգացվում: Հետեւաբար` գյուղերի գազիֆիկացումը դժվար է համարել այն լուրը, որով սահմանամերձ գյուղի բնակիչները կուրախանան այնքան, որքան ուրախ են այս ծրագրի մեկնարկի համար 2,5 միլիոն դոլարի ներդրում հաջողացրած պաշտոնյաները: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ի վիճակի չեն լինելու վճարել օգտագործած գազի համար: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքում գազիֆիկացման խնդիրը լուծված է գրեթե 100 տոկոսով, սակայն նոյեմբերյանցիներին այդ հոգատարությունը չի գոհացրել: Երբ Դովեղից հետո մտանք Նոյեմբերյան, ուր մարզադաշտի հարեւանությամբ բնակվում էր հորաքրոջս որդին` իր մեծ ընտանիքով, դուռը փակ գտա: Այգում, ծառերի տակ անխնամ թափված էր խնձորի, սալորի բերքը… Հարեւաններն ասացին, որ նրանք մեկնել են Ռուսաստան: Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Այս գյուղերում կողպեքն ավելորդ զգուշավորություն է…