Ամփոփվեց «Կանայք աշխատաշուկայում․ բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով լրագրողական մրցույթը․ «168 ժամը» հաղթողների շարքում է
Փետրվարի 13-ին ամփոփվեց ՕքսԵջեն հիմնադրամի հայտարարած՝ «Կանայք աշխատաշուկայում․ բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին «168 Ժամ», «Ամփոփ», «Առավոտ», «Մեդիամաքս» լրատվականներում հրապարակված՝ կանանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ լրագրողական աշխատանքները։ Այստեղ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներ, պարզապես ընտրվել էին լավագույն աշխատանքները։
Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ նաև ՕքսԵջեն հիմնադրամի և Համաշխարհային առաջնորդության դաշինքի Մադրիդի ակումբի կողմից հրավիրված՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ կանայք աշխատաշուկայում, խնդիրներ և լուծումներ» խորագրով ազգային համաժողովը, որի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանում աշխատանքային իրավունքի պաշտպանության բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզը և ձևավորել մշտադիտարկման աշխատանքային խումբ՝ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։
Այս առիթով Երևան էր ժամանել Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկի գլխավորած «Համաշխարհային առաջնորդական դաշինք» Մադրիդի ակումբի բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու համաժողովին և աշխատանքային իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ աշխատաշուկայում կանանց հիմնախնդիրների շուրջ հանդիպումներին։
Համաժողովի ժամանակ Դանիլո Տյուրկն իր խոսքում նշեց, որ չկան միջազգային դեղատոմսեր, որոնց միջոցով կարելի է այդ խնդիրները լուծել։
«Երբ ասում ենք՝ «ճանապարհային քարտեզ», պատկերացնում ենք մի բան, որին պետք է հետևես ինչ-որ տեղ հասնելու համար, բայց գոյություն չունեն միջազգային դեղատոմսեր այդ խնդիրները լուծելու համար, այլ կան ընդհանուր կետեր, բացի այդ՝ ամեն երկիր ունի իր առաջնահերթությունները, որոնք պետք է հաշվի առնել»,- ասաց Դանիլո Տյուրկը։
ՕքսԵջեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր հերթին՝ հավելեց, որ ճանապարհային քարտեզը մշակվել է մասնակցային գործընթացի շրջանակներում, և շեշտը դրվել է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորություններին նվիրված առաջարկություններին։
«Ճանապարհային քարտեզը մշակվել է մասնակցային գործընթացի շրջանակներում և ծավալվել է շուրջ մեկ տարի շարունակ դեբատների, քննարկումների արդյունքում, որին մասնակցել են թե՛ քաղաքացիական հասարակության մասնակից շահագրգիռ կազմակերպություններ, թե՛ օրենսադրական դաշտի ներկայացուցիչներ, թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Մենք առաջարկում ենք քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացում ստեղծված փաստաթուղթ, որը բաց է քննարկման և դիտողությունների համար։ Մեր նպատակն այն է, որ այս փաստաթուղթն ունենա համակարգային մոտեցում, քանի որ, ցավոք սրտի, մեր երկրում բավականին շատ ծրագրեր են իրականացվում, օրենսդրական փոփոխություններ լինում, սակայն, դրանք չեն ունենում համակարգային բնույթ»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը։
Ուսումնասիրությունների արդյունքում ճանապարհային քարտեզում դուրս են բերվել աշխատանքային իրավունքների պաշտպանության, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին մի շարք խնդիրներ, խնդիրները քարտեզում բաժանվել են երեք խմբի՝ իրավական, օրենսդրության կիրառման, թե՝ ինչ քայլեր են նախատեսվում արդյունավետ կիրառման համար, և իրազեկման հետ կապված խնդիրները։
Նշենք, որ Հայաստանում կանանց և տղամարդկանց համար հավասար աշխատանքային իրավունքների ապահովման ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացը մեկնարկել է «Inspired+ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՕքսԵջեն հիմնադրամի և «Եվրոպական համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության, Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբ և Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։
Շուշան Ստեփանյան