«Ավելի լավ է Զոհրաբը բանակցի, քան՝ Դավիթը պատերազմի». Սուրեն Սարգսյան
Միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով փորձագետ Ջոն Բոլթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում կարողացել է ակտիվ շփվել և ծանոթանալ պետությունների ղեկավարների հետ և Նիկոլ Փաշինյանին զանգահարել էր նախ շնորհավորելու՝ վերընտրվելու կապակցությամբ։
«Այս զանգի ընթացքում չէր քննարկվել Արցախի հարցը, այդ մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Արցախի հարցի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Իսկ Վրաստան զանգահարել էր, որպեսզի շնորհակալություն հայտներ Վենեսուելայի հարցի շուրջ Վրաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահին էլ զանգահարել էր, քանի որ խոսել էր նաև Փաշինյանի հետ, ուստի ցանկացել էր բալանսը պահել։ Այսինքն՝ մեծ հաշվով, Ադրբեջանի հետ չկան օրակարգային քննարկման հարցեր»,- ասաց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի վերաբերյալ ԱՄՆ ընդհանուր դիրքորոշմանը, ապա, ըստ Սուրեն Սարգսյանի, գործում է հետևյալ կարճ բանաձևը.
«Խնդիրը լուծեք՝ ինչպես ցանկանում եք, սակայն առանց պատերազմի։ Ցանկացած սկզբունք, որն ընդունում են կողմերը, և պատերազմ տեղի չի ունենում՝ ԱՄՆ-ի համար համարվում է ընդունելի։ Այս դիրքորոշումն ԱՄՆ-ի կողմից բազմիցս արտահայտվել է և խոսվել է տարբեր մակարդակներում»:
Նա նաև նկատեց, որ միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբում ներգրավված է ոչ միայն՝ որպես պետություն, այլև ԵՄ-ի ներկայացուցիչ է, և հարկ եղած դեպքում Ֆրանսիան տարբեր պետություների կարող է ներկայացնել կոնֆլիկտի վերաբերյալ իրավիճակը։
Նրա կարծիքով՝ այս փուլում միջազգային խաղացողների համար տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը ցանկալի սցենար չէ, քանի որ նրանք այս տարածաշրջանում դեռևս խնդիրներ ունեն լուծելու, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ։
«Խոսքը վերաբերում է Իրանին, և հարևանների միջև ռազմական գործողությունների վերսկսումն ԱՄՆ-ի խաղաքարտերը տարածաշրջանում՝ գործիքակազմի և այդ գրոծողությունների հետ կապված, բնականաբար, կպակասի։ Հետևաբար՝ շահագրգռված չեն, որպեսզի պատերազմը վերսկսվի, միաժամանակ նաև բոլորը հասկանում են, որ դրա հիմնական նախաձեռնողը լինելու է Ադրբեջանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ չի կարող քննարկվել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը, ապա, ըստ Ս. Սարգսյանի՝ այս բանաձևի քննարկումը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:
Ավելին, ըստ նրա՝ բանակցությունները դեռևս տեղի են ունենում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, ճիշտ է՝ նախագահները հանդիպում են, բայց ոչ պաշտոնական, փորձում են իրար ճանաչել, սակայն բանակցություններ պետությունների ղեկավարների մակարդակով չկա։
«Այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում պետությունների ղեկավարների միջև, դրանք Մինսկի խմբի կողմից կազմակերպված հանդիպումներ են, որտեղ ներկա չէ Մինսկի խումբը, ինչը ենթադրում է, որ դրանք ընդամենը ճանաչողական հանդիպումներ են։ Եթե չկան բանակցություններ, դժվար է ասել՝ ինչի շուրջ, կամ ինչ սկզբունքների շուրջ են բանակցելու երկու կողմերը, կլինե՞ն «Մադրիդյան սկզբունքները», թե՞ չեն լինի՝ դժվար է ասել։
Եթե նկատել եք, իշխանության շատ ներկայացուցիչները խուսափում են այս հարցին պատասխանել, ի վերջո, «Մադրիդյան սկզբունքները» կա՞ն սեղանին, Հայաստանում նոր իշխանություն է, նրանք փորձում են ծանոթանալ դետալներին։ Կարծում եմ՝ բոլորիս համար էլ պարզ է, որ ավելի լավ է Զոհրաբը բանակցի, քան՝ Դավիթը պատերազմի»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։
Զվարթ Խաչատրյան