Բաժիններ՝

Մակրոնը և Մերկելը Ախենում նոր պայմանագիր ստորագրեցին համագործակցության և ինտեգրացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում նոր պայմանագիր են ստորագրել համագործակցության եւ ինտեգրացման մասին, որը դրույթներ է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի եւ սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ։

Պայմանագրում նաեւ խոսվում է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն է»:

Ախենի համաձայնագիրը հենվում է 1963 թվականի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմական հաշտեցմանը: Ելիսեյան պայմանագիրը, որը Շառլ դե Գոլի եւ Կոնրադ Ադենաուերի կողմից 56 տարի առաջ ստորագրվել է Փարիզում, պարտավորեցնում էր երկու երկրների իշխանություններին՝ կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, անվտանգության, ինչպես նաեւ երիտասարդական ու մշակութային քաղաքականության հարցերի շուրջ:

Նոր պայմանագրի նպատակը երկու երկրների հետագա մերձեցումն է եւ այն մարտահրավերներին նախապատրաստվելը, որոնց նրանք բախվում են 21-րդ դարում: Պայմանագիրը, որի տեքստը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, բովանդակում է 7 գլուխ եւ 28 հոդված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս