Կյանքից հեռացել է Արմենակ Մնջոյանը
Կյանքից հեռացել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչո՞ւ չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։
Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։
Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի, որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին «Դրոյի» գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել էր ներում` մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունվարի 3-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Tert.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել էր, որ Մնջոյանի վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆակտ: