«Այսօր ընդամենը մի վիճակ է ստեղծված, որ կրկին մի մարդու կամքի վրա է հիմնված». Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի մարտահրավերը եղել է մեկը և 2019թ. շարունակվելու է։ 168.am-ի հետ զրույցում Մ. Սարգսյանը նշեց, որ, եթե համակարգ է փոխվել և նոր համակարգ պետք է ստեղծվի, ապա այն, ինչ հայտարարվել է, թե ինչպես է երկրում օրենքի գերակայություն ապահովվելու, քաղաքական ու տնտեսական դաշտն ինչպես է բաժանվելու, օլիգարխիան վերացել է՝ սեփականությունն ինչպես է պաշտպանվելու, այս և մյուս խնդիրների մասին խոսակցությունները դեռևս ընդամենը խոսակցություններ են։

«Այսօր ընդամենը մի վիճակ է ստեղծված, որ կրկին մի մարդու կամքի վրա է հիմնված։ Այդ կամքը կա՝ կարող է այսպես լինել, այդ կամքը չկա՝ կարող է նախկին նույն իրավիճակը վերադառնալ։ Բայց դա թույլ չտալու համար պետք է քաղաքական որոշումներ լինեն, ամեն ինչ օրենքով կարգավորվի։ Նման բոլոր հեղափոխություններից հետո գերխնդիրը դա է եղել՝ օրինականացնել այն նորը, ինչը հռչակվել է։ Այդ ուղղությամբ մինչև հիմա որևէ քայլ չի արվել, բայց պետք է արվի»,- ասաց Մ.Սարգսյանը։

Ըստ նրա՝ դրանից ավելի մեծ խնդիր այսօր Հայաստանի համար գոյություն չունի։ Մ.Սարգսյանի կարծիքով՝ մնացած հարցերը, անվտանգությունը և այլն, տարիների խնդիրներ են.

«Երկիրն իր որակը փոխելու և օրինականացնելու խնդիրը ժամանակ չունի, դրա մի մասն այս 8 ամսում պետք է արվեր, բայց չի արվել։ Սպասենք, տեսնենք՝ կարվի՞, թե՞ չի արվի»։

Տեսանյութեր

Լրահոս