Բաժիններ՝

Արծվաշենցիներն իրենց բողոքի պատասխանը չունեն. սպասում են Նիկոլ Փաշինյանին

1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչները շուրջ 2 ամիս առաջ բավականին բուռն բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով վճարել իրենց փոխհատուցման գումարները։

Հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց արծվաշենցիների պատվիրակությանը և պատասխանատուներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում վերհանել ու ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ և որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել, և ո՞ւմ է տրվել՝ թե՛ անվանական, թե՛ ընդհանուր կտրվածքով: Դրանից հետո պետք է կրկին հանդիպում հրավիրվեր՝ հետագա անելիքները համատեղ քննարկելու համար:

Սակայն մինչ օրս որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել։ Արծվաշենի համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրման գործընթացը դեռ շարունակվում է, նոր հանդիպում չի եղել։

«20-օրյա ժամկետ է նշվել, արդեն ամսից ավելի է անցել։ Օգնականներն ասում են, որ այս մի քանի օրը վարչապետի մոտ քննարկում կլինի»,- ասաց Մ. Խեչոյանը՝ չբացառելով, որ այս նախընտրական փուլում էլ կարող են խոստումներ տալ։

Ըստ նրա՝ արծվաշենցիների հասանելիքը 1-2 մլրդ  դրամ է։ Նա հույս հայտնեց, որ այդ գումարը կառավարությունը միանվագ կհատկացնի։ Համայնքի ղեկավարը հստակեցրեց, որ այդ գումարը ոչ թե փոխհատուցում է՝ տեղահանման արդյունքում իրենց կորցրած ունեցվածքի դիմաց, այլ զուտ բնակարանային պայմանների բարելավման նպատակ ունի. «Արծվաշենցիները հիմնականում բնակվում են մալականների ու ադրբեջանցիների խարխուլ տներում։ Դա վերանորոգման գումար է, և ոչ թե՝ փոխհատուցման։ Փոխհատուցման խնդիրը մնում է։ 2006 թ. Արդարադատության նախարարության աջակցությամբ մեզնից 600 ընտանիք դիմել է ՄԻԵԴ՝ ունեցվածքի կորստի փոխհատուցման պահանջով։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ ադրբեջանցիները նույն պահանջով դիմեցին ՄԻԵԴ։

Փաստաբաններն աշխատում են, բայց հարցը մասայական չի քննվում։ Ըստ երևույթին՝ Դատարանը պետք է հավասարություն պահի։ Ադրբեջանն ասել է, թե իրենք 1 մլն տեղահանված ունեն, և նրանց գումարն ավելի մեծ է։ Դրա համար գուցե մտածում են՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո քննել հարցը, այսինքն՝ ՄԻԵԴ-ը չի կարող մասնակի միայն արծվաշենցիներին բավարարել»։

2019 թ. բյուջեով Արծվաշենի համար հատկացվել է 4 մլն 900 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա հիմնականում համայնքի ղեկավարի և ևս 3 հաստիքի համար սահմանված աշխատավարձն է, որ նախորդ տարիներին էլ է եղել, իսկ բնակարանային պայամանների բարելավման փոխհատուցում 2018 թ. բյուջեով նախորդ կառավարությունը չի հատկացրել։

Սանոսյանը նշեց, որ ինքը խնդրին շատ մանրամասն տեղյակ չէ, քանի որ պաշտոնը ստանձնել է միայն հոկտեմբերի 10-ին։ Մարզպետը ևս մտադրություն հայտնեց հանդիպել արծվաշենցիներին և քննարկել նրանց խնդիրները։

Նշենք, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից արծվաշենցիներին 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ՝ 50-ական մլն, և 1 անգամ՝ 708 մլն դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ կառավարության նախորդ տարիների որոշումներով յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին նախատեսվել էր տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն է միայն տրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս