«Նոր հարկ հորինելն անտեղին է». Վահե Էնֆիաջյան
«Դեռ ժամանակ կա, առաջիկա խորհրդարանը լեգիտիմ կլինի և կկարողանա քննարկել ու որոշում կայացնել: Ինչպիսի որոշում կկայացնի, դա կունենա օրենքի ուժ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով 2020թ. համընդհանուր հայտարարագրման ու եկամտային հարկի հարկման գաղափարին, այդ թվում՝ տրանսֆերտների:
Ըստ նրա՝ նախորդ տարիներին և իշխանությունների փոփոխությունների ժամանակ ամենաշատը փոփոխվել է հարկային օրենսդրությունը, ավելի խստացվել է:
Էնֆիաջյանը հիշեցրեց, որ համաշխարհային ճգնաժամի ժամանակ ամենատարբեր մեկնաբանություններ եղան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ տվյալ իրավիճակում հարկային բեռը ոչ թե ավելացնում են, այլ՝ մեղմում:
«Նոր հարկ հորինելն անտեղին է»,- ասաց Էնֆիաջյանը՝ նկատելով, որ 2020թ. համահունչ ԱԺ-ն որոշում կկայացնի: