«Մենք զգուշացրել էինք». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից բարեկամ երկրների մեջ: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, և հիմա ամբողջ աշխարհն է նայում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կոշտ հայտարարությանը:

Ըստ նրա՝ ի սկզբանե բացթողումներ եղել են ՀՀ իշխանությունների կողմից. «Մենք զգուշացրել էինք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ է, և երբ գործ էր հարուցվել ու պետք է կալանավորվել, էթիկայից ելնելով նախապես պետք է տեղյակ պահվեին ՀԱՊԿ ղեկավարները: Եվ լարումն այդտեղից առաջացավ ու այդտեղից սկսվեց, որ կորցնելու ենք մեր տեղը: Նիկոլ Փաշինյանը կորոշի, թե ինչպես պետք է դրսևորի իրեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին: Սա կարող է հղի լինել բավականին տհաճ հետևանքներով: Պետք է շուտ իրար հասկանան»:

Անդրադառնալով Ադրբեջանի դեսպանի հետ Բելառուսի նախագահի հանդիպմանը՝ Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ մեզ համար ցանկալի չէ, որ նման փակ հանդիպումից հետո հանկարծ հայտնվում է Ադրբեջանը, բայց նայած թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել և ով է խախտել: Նրա խոսքով՝ դա, կարծես, բացված չէ, հայկական կողմն իր կարծիքն է հայտնում, Բելառուսն՝ իր: «Ամեն դեպքում, պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց նա:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ նախկինում էլ եղել է նման զգացողություն, որ ի շահ Ադրբեջանի են գործում, բայց սկանդալներ չեն եղել, որովհետև դա դիվանագիտական աշխատանքի արդյունքում պետք է հարթվի: Նա նկատեց, որ եղել են շատ կոշտ իրավիճակներ, բայց պարտվողական դիրքորոշում իրենք երբեք չեն ունեցել:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ այն ժամանակ էլ Բելառուսը Ադրբեջանին զենք էր վաճառում, Վ.Բաղդասարյանը հակադարձեց. «Այսինքն՝ հիմա չեն վաճառո՞ւմ: Դրա եռակի, քառակի անգամ մենք էինք զենք ձեռք բերում»:

Թե ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը դեկտեմբերի 6-ին, Վ.Բաղդասարյանը նկատեց, որ այս զարգացումներից ելնելով, չի կարծում, որ բարեկամական խոսակցություն կլինի: Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի և լիազորությունները կշարունակի կատարել տեղակալը՝ ՌԴ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս