«80 հազար խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակի ոչնչացումը հանգեցրել է մսի և կաթնամթերքի թանկացման». Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով գյուղոլորտի այսօրվա խնդիրներին՝ հայտարարեց, որ առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի գյուղմթերք արտադրողի մասին օրենքի ընդունումը։
«Այն, որ ասում ենք, թե գյուղացուն վարկ ու գրանտ են տալիս, միլիոններ են բերում հանրապետություն, միայն Գյուլնազ տատու հեքիաթներ են։ Մինչև գյուղմթերք արտադրողի մասին օրենք չընդունվի, մինչև նա պաշտպանված չլինի պետության կողմից, մենք առաջ չենք գնա։ Ցավոք, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմ է բերել, որը չի ծլել, չի էլ ծլելու, որովհետև չինովնիկն այդ սերմը բերել է իր գրպանի համար, մեկ կիլոգրամի մեջ 70 դրամ փող են աշխատում։ Սերմն էլ մնաց պահեստում ու փտեց, միջինը 340 մլն-ի վնաս են տվել, թող գնան պատասխան տան, տրամվայում մեկը 1000 դրամ գողանում է, տանում դատում են, նախարարին ինչո՞ւ չեն դատում։ Վերահսկիչ պալատը փաստերով մտել է Դատախազություն։ Այդ մարդուն առաջ են տարել, լավ են արել, բա դրա կենսագրությունը չե՞ն կարդացել, ձու գողացողը ձի էլ կգողանա»,- նշեց Հրաչ Բերբերյանը
Ըստ նրա՝ շատերն ասում են, որ պետք է Գյուղատնտեսության նախարարությունը փակվի, սակայն նման բան չպետք է լինի, քանի որ նախարարությունը գյուղացուն անհրաժեշտ է։ Բայց գյուղնախարարը պետք է կառավարությունում լինի գյուղացու մարդը, այլ ոչ թե՝ «կառավարության մարդը գյուղացու գլխին»։
Անդրադառնալով տեղական մսի գներին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ միսը թանկացել է, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում է՝ երկու տարում կրճատվել է 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 15 տոկոսով նվազել է ոչխարի ու խոզի գլխաքանակը։
«Երկու տարում ամեն ինչ արվեց, որպեսզի հարված տան անասնապահությանը։ Կարծում եմ՝ սա միտումնավոր են անում, որովհետև մարդիկ ասում են, թե իրենք այնքան լավ ագրարային երկիր են, որ այժմ ցանկանում են դառնալ ինդուստրիալ. տո դուք ագրարային դարձեք, նոր մտածեք ինդուստրիալի մասին։ Խոշոր եղջերավորների քանակը վերականգնելու համար 5-7 տարի է անհրաժեշտ, քանի որ 80 հազարից 40 հազարը կթու կովեր են, ինչն ազդել է կաթի արժեքի վրա»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը և նկատեց, որ երկու տարի առաջ Ուկրաինիայից Հայաստան մեծ քանակությամբ կաթի փոշի ներկրելու հետևանքով ներքին շուկայում կաթի գները նվազեցին, որի արդյունքում գյուղացուն արդեն ձեռնտու չէր զբաղվել անասնապահությամբ։ Բացի այդ, մեծ դեր է խաղացել նաև երաշտը, որի ժամանակ Գյուղատնտեսության նախարարությունը չի կարողացել կազմակերպել խոտհունձը։
Ինչ վերաբերում է սպանդի կետերին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ կողմ է, որպեսզի պահպանվեն բոլոր հիգիենիկ կանոնները, սակայն այդ պայմանները չկան, և տարիներ շարունակ Երևանում չկա որևէ քաղաքակիրթ շուկա, որտեղ գյուղացին կկարողանա իր արտադրանքն իրացնել։
Զվարթ Խաչատրյան