«Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրների հետ». Պուտին
Մոսկվան մեծ կարեւորություն է տալիս մուսուլմանական աշխարհի երկրների հետ համագործակցությանը: Այդ մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի նամակում, որը նա հղել է Մախաչկալայում «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի չորրորդ նիստի մասնակիցներին։
Ուղերձն ընթերցել է խմբի ղեկավար Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը: «Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն է տալիս մուսուլմանական երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ շփումների շրջանակներում»,-ընդգծվում է ՌԴ նախագահի ուղերձում:
«Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի պետությունների միջեւ հաստատվել է կառուցողական տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցություն, ինչպես նաեւ տեղային հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը միտված գործընկերային փոխգործակցություն: Խմբի ներկայիս հանդիպումը նվիրված է շատ կարեւոր խնդրի՝ ահաբեկչական եւ ծայրահեղական գաղափարախոսությանը հակազդելուն՝ երիտասարդության հետ աշխատանքի միջոցով, ինչպես նաեւ կրթության եւ լուսավորության ոլորտում ջանքերի կոորդինացմանը»,-նշել է Պուտինը: