«Ես առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք և Վայոց ձոր». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի բնակիչների համար լինելու է ամեն օր ու ամեն ժամ հասանելի պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
«Ես առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք և Վայոց ձոր, լինելու եմ բոլոր բնակավայրերում, փորձելու եմ սյունեցուն ու վայոցձորցուն հասցնել այն մեսիջը, որ լինելու եմ իրենց հասանելի պատգամավոր ամեն օր ու ամեն ժամ: Կարծում եմ, որ կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել ու մեծացել է, այլև հանրապետության այն վայրում, որտեղ որոշել է իր կուսակցությունը: Իմ արմատները Սյունիքից են, այդ արմատներն ինձ համար շատ թանկ ու սիրելի են: Ես այս տարիների ընթացքում վստահել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ ես կարող եմ վստահության քվե ակնկալել ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` իրենց քաղաքական ուժը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից արդար մրցակցություն է ակնկալում:
«Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, ոչնչացնելու կամ մեկ այլ քաղաքական ուժի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու: Մենք ունենք եզակի հնարավորություն առաջին անգամ գնալու ընտրությունների, որտեղ օրակարգը կլինի սեփական ծրագրի ներկայացումը»,- ասաց Զոհրաբյանը: