Բաժիններ՝

Գագիկ Մինասյանը հուսով է՝ 2019թ. բյուջեն կընդունվի

Այսօր ավարտվեց 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների կողմից առաջարկների ներկայացման ժամկետը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկները ներկայացվում են քարտուղարություն, որն էլ ամփոփում է դրանք:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական հանձնաժողովներում նախագծի քննարկումների ժամանակ հանրապետական պատգամավորները, կարծես, պասիվ էին, Գ.Մինասյանը չհամաձայնեց:

«Չարաչար սխալվում եք, ամբողջ ընթացքում ՀՀԿ-ականներն իրենց մասնակցությամբ ապահովեցին բյուջեի նախնական քննարկումների ընթացքը»,- ասաց նա՝ շեշտելով, որ բյուջեի ձևավորման նախնական աշխատանքները կատարվել էին ՀՀԿ-ականների մասնակցությամբ, մասնավորապես՝ խոսքը ծրագրային բյուջետավորման անցնելու մասին է:

«Այս տարի ծրագրային բյուջետավորում է ներդրվում, և թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը մեծ ծավալի աշխատանք են կատարել»,- ասաց նա՝ նկատելով, որ ծրագրային բյուջետավորումը չարաշահումների ու կոռուպցիայի դեմ պայքարի գորիքներից է, որին անցում կատարելու համար մեծ ներդրում է կատարվել վերջին 4-5 տարիներին:

Կարդացեք նաև

Հարցը՝ ի վերջո, կընդունվի՞ բյուջեն, թե՞ ոչ, Գ.Մինասյանը «բավականին ոչ հեշտ» որակեց:

Ըստ նրա՝ գոյություն ունի բյուջեի ընդունման ընթացակարգ, որի համաձայն՝ նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկվելու է նոյեմբերի 13-ին կամ 14-ին, որից հետո 4 օր ընդմիջվում է, որպեսզի պատգամավորները կարողանան առաջարկություններ ներկայացնեն և կառավարությունն արձագանքի, այսինքն՝ նույն քառօրյա նիստերի ընթացքում հնարավոր չէ բյուջեի ընդունումը:

Գ.Մինասյանի խոսքով՝ այդ դեպքում կա՛մ պետք է արտահերթ նիստ հրավիրվի, կա՛մ հերթական նիստում քննարկվի, իսկ վերջինս միայն դեկտեմբերի 3-ին է, ինչն անտրամաբանական է՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին:

Գ.Մինասյանը նկատեց, որ չի եղել որևէ գումարման ԱԺ, որն իր վերջին նիստերը լիարժեք անցկացրել է, իսկ այս գումարման ԱԺ-ն «վեր գտնվեց բոլոր անհարկի քննարկումների, ինչն ապացուցեց, որ շատ բարձր է»:

Գ.Մինասյանը հույս հայտնեց, որ պետության շահը կգերադասվի և 2019թ. բյուջեն կընդունվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս